Վերամշակող ընկերությունները պատրաստ են ընդունել մինչև 140 հազար տոննա խաղող. Մակարյան
Այսօրվա դրությամբ հանրապետությունում մթերվել է 35 տոննա պտուղ-բանջարեղեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը՝ նշելով, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում մթերվել էր 32600 տոննա պտուղ-բանջարեղեն։
«Մթերումների աշխատանքները շարունակվում են, գործընթացը կարելի է ասել իրականացվում է առանց խոչընդոտների։ Հիմա ակտիվորեն պատրաստվում ենք խաղողի մթերման գործընթացին։ Վերամշակողների մոնիթորինգ է անցկացվել և այսօր պատրաստ են ընդունել մինչև 140 հազար տոննա խաղող։ Արդեն երեք գործարաններ սկսել են աշխատանքը և շուրջ 1400 տոննա խաղող մթերվել է։ Մթերումները սկսել են Պռոշյանի կոնյակի գործարանը, Արարատի մարզում «Տավինկո» ընկերությունը, Իջևանի գինու գործարանը՝ Արմավիրի մարզում։ Սեպտեմբերի 15-ից էլ մթերումները կսկսի Երևանի կոնյակի գործարանը»,- մանրամասնեց Մակարյանը։
Ինչ վերաբերում է նախորդ տարվա պարտքերին՝ փոխնախարարն ասաց, որ այսօրվա դրությամբ 84,3 մլն դրամի պարտք դեռ կա. «Ինտենսիվորեն աշխատում ենք՝ դրա մարումն իրականացնելու ուղղաթյամբ։ Խնդրահարույց է շարունակում մնալ «Վինար» ընկերությունը, որը շուրջ 30 մլն դրամի պարտք դեռևս ունի։ Առաջիկայում պետք է սպիրտի վաճառքի հարց լուծվի՝ պարտքը մարելու համար»։
Մակարյանի խոսքով՝ այս տարի հիմնական մասով վճարումներն իրականացվում են, կան որոշ ընկերություններ, որոնք պարտքեր են ունենում, բայց դրա լուծման հետ կապված կառավարությունն առաջարկել է ագրովերամշակման ոլորտի մատչելի վարկավորման ծրագիրը, որը վերամշակողին հնարավորություն է տալիս 3 տոկոսով վարկ ստանալ՝ մինչև մեկ տարի մարման ժամկետում, մնացածը սուբսիդավորվում է պետության կողմից։
«Արդեն ունենք 12 հայտեր, որոնցից երեքը բավարարվել է։ Կարող են դիմել վարկային կազմակերպություններին, բանկերին»,-ասաց նա։
Անդրադառնալով արտահանումներին, գյուղատնտեսության փոխնախարարը տեղեկացրեց, որ արդեն հանրապետությունից արտահանվել է շուրջ 78 հազար տոննա պտուղ-բանջարեղեն. «Արտահանումների գործընթացը շարունակվում է, ինչպես միշտ հիմնական մասը բաժին է ընկնում ռուսական շուկային, 74 հազար տոննա արտահանվել է ՌԴ, 3500 տոննա՝ Վրաստան, արտահանվել է նաև ԱՄԷ, Ուկրաինա, Բելառուս»։
Հարակից հրապարակումներ`
- Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կմթերի 30 000 տ խաղող
- «Գյուղացուն չանհանգստացնենք, մթերողին էլ չնեղացնենք». Վարչապետ
- Սկսվում է խաղողի վաղահաս սորտերի բերքի մթերումների գործընթացը
- Նախորդ տարվանից 30-35 տոկոս պակաս բերք է սպասվում. «Հայաստանի խաղողագործների միության» նախագահ
- Խնդրահարույց է շարունակում մնալ «Վինար» ընկերության հարցը. գյուղնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում