Առաջին օգնության համաշխարհային օրն է
Սեպտեմբերի 9-ին ամբողջ աշխարհում նշվում է Առաջին օգնության համաշխարհային օրը: Դրա նպատակն է բարձրացնել կյանքեր փրկելու համար առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների կարևորության վերաբերյալ իրազեկությունը, ինչպես նաև ջատագովել, որ դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրին:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունից տեղեկացնում են, որ ամեն տարի միլիոնավոր մարդիկ վնասվածքներ են ստանում կամ մահանում են՝ անհամապատասխան արձագանքի կամ ուշացած օգնության պատճառով: Առաջին օգնությունը արդյունավետ և արագ գործողությունների շարքում կենսական նշանակություն ունեցող այն առաջին քայլն է, որն օգնում է կանխել լուրջ վնասվածքները և մեծացնել փրկվելու շանսերը:
Առաջին օգնությունը առավել անվտանգ և դիմակայուն համայնքներ կառուցելու կարևոր բաղադիչներից է, ինչն էլ իր հերթին նպաստում է աղետներին նախապատրաստվածությանը և առողջապահական վտանգների նվազեցմանը:
«Արդեն երկար տարիներ է, ինչ «Առաջին օգնությունը» Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ռազմավարական ուղղություններից է:
- Մենք մեծապես կարևորում ենք Առաջին օգնության գիտելիքների տարածումը բնակչության տարբեր խմբերի շրջանում, և մշտապես զարգացնում ենք մեր կարողություններն այս ոլորտում: Վերջին տարիներին մեծ թվով դասընթացներ ենք իրականացրել հատկապես սահմանամերձ մարզերի համայնքներում, քանի որ դրանք առավել խոցելի են, - նշում է ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը:
ՀԿԽԸ-ն միակն է երկրում, որ Առաջին օգնության Եվրոպական խորհրդատվական կենտրոնի չափանիշներին համապատասխան դասընթացներ է իրականացնում տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի համար՝ արտակարգ իրավիճակներից և դժբախտ պատահարներից բնակչության խոցելիությունը նվազեցնելու նպատակով: ՀԿԽԸ Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնի մասնագետներն իրականացնում են նաև ԱՕ սպասարկում զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ծրագրեր` ուղղված երեխաների անվտանգ վարքագծի դաստիարակմանը:
Այս տարվա թեման կենցաղային արտակարգ պատահարներն են, այն դեպքերը որոնք անսպասելի ու հանկարծակի տեղի են ունենում տանը, և կարող են լուրջ վնասվածքի կամ մահվան պատճառ դառնալ: Այդ պատճառով, մենք ցանկանում ենք բարձրացնել այն հնարավոր վտանգների վերաբերյալ իրազեկվածությունը, որոնց մարդիկ կարող են առնչվել իրենց տներում, ինչպես նաև ներկայացնել այն պարզ քայլերը, որոնք կարելի է ձեռնարկել առօրյայում հանդիպող արտակարգ իրավիճակներին դիմակայելու համար:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով և հանդիսանում է կառավարությանն օժանդակ կառույց` մարդասիրական ոլորտում: ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց»,- ասված է Հայկական Կարմիր խաչի ընկերության տարածած հաղորդագրությունում։