Կարգապահական գործով ՓՊ խորհուրդը երեք փաստաբանի վերաբերյալ որոշում է կայացրել
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը սեպտեմբերի 12-ին քննել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Գաբրիելյանի)՝ «Դատական սանկցիա կիրառելու մասին» 03.07.2017թ. որոշումների հիման վրա թիվ ԵԷԴ/0050/01/17 քրեական գործով ամբաստանյալներ Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանի, Գևորկ Իրիցյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Մ․ Մարտիրոսյան)՝ «Դատական սանկցիա կիրառելու մասին» 27.04.2017թ. որոշման հիման վրա թիվ ԵԷԴ/0101/01/16 քրեական գործով ամբաստանյալ Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները: Փաստաբանների նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա առանց նախագահող դատավորի թույլտվությամբ դատական նիստերի դահլիճը լքելու համար։
Փաստաբանների պալատի աշխատակազմի հաղորդմամբ, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է փաստաբաններ Դավիթ Գյուրջյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները կարճել, իսկ փաստաբան Արա Ղարագյոզյանին ճանաչել մեղավոր Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4.1 կետի պահանջների խախտման համար և նրա նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` նկատողություն:
Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբաններ Դավիթ Գյուրջյանի և Արայիկ Պապիկյանի՝ դահլիճը լքելու վարքագծում (երբ չի հայտարարվել ընդմիջման տևողություն, երբ դատարանը փաստաբաններին չի ճանաչել, որպես պաշտպան, սակայն կիրառել է պաշտպանների նկատմամբ նախատեսված սանկցիա) Փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում չի արձանագրել, իսկ փաստաբան Արա Ղարագյոզյանի դահլիճը լքելու վարքագծում արձանագրել է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4.1 կետի խախտում:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները պահանջում են կարգապահական տույժի ենթարկել դատավորին
- Արա Զոհրաբյանն արձագանքում է. Կարգապահական վարույթ հարուցելն օրենքի պարզ պահանջն է
- Փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
- Փաստաբանների պալատը մերժել է փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը
- Փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
- «Սասնա ծռերի» 15 անդամ հեռացվեց դատական նիստերի դահլիճից
- Փաստաբանները միջնորդեցին հետաձգել «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ