Գերմանացիների ընտրությունը մեղավորության և հպարտության միջև
Գերմաներենում բավականին բարդ մի եզրույթ կա` «Vergangenheitsbewältigung», ոչ պակաս բարդ երևույթը արտահայտելու համար: Բառացի այն նշանակում է «պայքար անցյալի (բացասական կողմերը) հաղթահարման համար» և օգտագործվում է նկարագրելու համար նացիստական ժամանակաշրջանում գործած հանցագործությունների համար գերմանացիների կոլեկտիվ ամոթի ու մեղավորության զգացումների շուրջ քննարկումները: Այն համարվում է դե-նացիֆիկացիայի հոգեբանական կողմը, բնութագրում է անցյալը վերլուծելու և դրա հետ հաշտվելու փորձերը: Անցած յոթանասուն տարիների ընթացքում Գերմանիայում փաստացի արգելված են եղել ազգայնական զգացումները և գերակայող է եղել ամոթն ու մեղավորությունը:
Եվ ահա 2017թ. սեպտեմբերի 24-ին կայացած Բունդեսթագի ընտրություններում ոչ միայն խորհրդարան է անցել, այլ երրորդ քաղաքական ուժն է դարձել հակամիգրացիոն, ազգայնական «Այլընտրանք հանուն Գերմանիայի» (AfD) կուսակցությունը, որն ըստ էության նեոնացիստական գաղափարների կրող է: Կուսակցության առաջնորդներից մեկը` Ալեքսանդր Գաուլանդը, հակառակ «Vergangenheitsbewältigung», կոչ էր արել գերմանացիներին «հետ բերել անցյալը» և հպարտանալ նացիստների զինվորական ձեռբերումներով: Աննախադեպ երևույթ Գերմանիայի ժամանակակից պատմության մեջ:
Ընդհանրապես, Գերմանիայի վերջին ընտրությունները որոշ առումներով աննախադեպ էին: Նոր 709 հոգանոց Բունդեսթագը երբևէ եղած ամենամեծն է, որտեղ 1950-ականներից սկսված առաջին անգամ ներկայացված է 7 կուսակցություն: Մերկելի գլխավորած աջակողմյան քրիստոնեադեմոկրատական դաշինքը (CDU և CSU կուսակցություններ) 1949թ. հետո ամենավատ արդյունքն է ունեցել, չնայած, որ 33% ով ու 246 տեղով մնալու է ամենամեծ խմբակցությունը: Սոցիալ դեմոկրատները նույնպես ամենացածր արդյունք են գրանցել հետապատերազմյան շրջանում` ստանալով ձայների 21%-ը և 153 տեղ: AfD-ն ստացել է 94 տեղ, ազատ դեմոկրատները` 80, ձախերը` 69, իսկ կանաչները` 67 տեղ:
Փոքր կուսակցությունների նման ընտրական հաջողությունները մասամբ բացատրվում է 2013թ.ից երկիրը կառավարող քրիստոնեադեմոկրատների ու սոցիալ դեմոկրատների «մեծ կոալիցիայի» նկատմամբ ունեցած դժգոհությամբ: Այս ընտրություններից հետո սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը հայտարարել է, որ կոալիցիայի մեջ չի մտնելու և դառնալու է ընդդիմություն: Դրանով խիստ բարդացրել է կանցլեր Մերկելի կառավարություն կազմելու ջանքերը, ում համար կոալիցիա կազմելու միակ ելքը մնում է այսպես կոչված «Ճամայկայի» տարբերակը:
Նման արևադարձային անունը կապված է այդ երկրի դրոշի գույների ու կոալիցայի հնարավոր գործընկեր կուսակցությունների` ՔԴՄ` սև, ազատ դեմոկրտաներ` դեղին, կանաչներ` կանաչ գույների համընկնման հետ: Անգելա Մերկելին սպասվում են բարդ բանակցություններ նշված կուսակցությունների միջև առկա տարաձայնությունները հարթելու և ընդհանուր ծրագրի հիման վրա կառավարություն կազմելու համար: Կանխատեսումներ կան, որ դրանք կտևեն մինչև Ծննդյան տոներ:
Մյուս կողմից սոցիալ-դեմոկրատների ընդդմիություն դառնալը կնպաստի քաղաքական կյանքի ակտիվացմանը, բացի այդ ազգայնական «Այլընտրանք հանուն Գերմանիայի» կուսակցությանը կզրկի հիմնական ընդդիմություն դառնալու հնարավորությունից:
Ինչևէ, թեպետև ծայրահեղ աջերի գրանցած հաջողությունն անհանգստացնող է, սակայն ինչ-որ առումով կանխատեսելի էր: Աջակողմյան պոպուլիզմը Եվրոպայում վերելքի վրա է, ինչին ականատես եղանք Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում և այլուր, որտեղ ծայրահեղական, եվրոսկեպտիկ, հակամիգրացիոն կարգախոսներով հանդես եկող թեկնածուները մեծ ընտրական հաջողություններ գրանցեցին: Սա լուրջ ազդակ է կառավարող էլիտաներին՝ վերանայելու ընթացիկ քաղաքականությունը և նոր լուծումներ առաջարկելու համար:
Ազգայնական զարթոնքը, հատկապես Գերմանիայում, մարտահրավեր է նաև Եվրոպական Միության, ՆԱՏՕ-ի և այլ եվրոպական կառույցների համար: Տեղին է հիշել ՆԱՏՕ-ի առաջին գլխավոր քարտուղար Հաստինգս Իսմեյին, ով ՆԱՏՕ-ի հիմնական նպատակն էր համարում Եվրոպայում «ռուսներին դուրս, ամերիկացիներին ներս, իսկ գերմանացիներին ճնշված պահելը»: Կարծիք կա նաև, որ եվրոպական ինտեգրացիան ու ԵՄ-ն ստեղծվել են գերմանացիներին «սանձելու» համար: Այս առումով, Եվրոպան և հատակապես ֆրանսիացները, պետք է անհանգստանան գերմանական ազգայնականության հնարավոր նոր վերելքով: