Դավիթ Տոնոյանը կառավարության աշխատանքը բարձր է գնահատում
Խոսրովի անտառի հրդեհները ամենայն հավանականությամբ անփութության հետևանք են։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։
Դիտարկմանը, թե հրդեհները նման մասշտաբների հասան, քանի որ ԱԻՆ-ը չուներ համապատասխան տեխնիկա, նախարարն ասաց.
«Ունենալու ենք հզոր տեխնիկա, ժամանակ է պետք»։
Անդրադառնալով Բյուրականի հրդեհներին, որոնց պատճառն, ըստ մամուլի հրապարակումների, անտառում ապօրինի ծառահատումների կոծկումն է եղել՝ նախարարը նշեց. «Դրանք ենթադրություններ են։ Նախաքննություն է իրականացվում»։
Լրագրողները նախարարից նաև հետաքրքրվեցին՝ ինչպես է գնահատում կառավարության գործունեության 1 տարին։ «Բարձր»,- մեկ բառով պատասխանեց գործադիրի ներկայացուցիչը՝ իր համոզմունքը բացատրելով հանգամանքով, որ ինքը ևս մասնակցել և տեսել է այդ աշխատանքները։
Ինչ վերաբերում է սննդամթերքի վերջին թանկացումներին՝ նախարարը նշեց, որ ինքը դեռևս չի տիրապետում իրավիճակին՝ թեմայի շուրջ հարցերին պատասխանելու համար։
Անդրադառնալով արտագաղթի ծավալներին՝ Դավիթ Տոնոյանն ընդգծեց՝ դա մտահոգում է իրեն, սակայն արվում է ամեն բան, որպեսզի հեռացածները վերադառնան։