Մարուքյան. Վստահ եմ, մենք փակելու ենք Վանաձորի կյանքի այս անփառունակ էջը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարություն է տարածել մեկ տարի առաջ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների մասին՝ դրանք որակելով հանցագործություն ու մանդատագողություն:
«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Վանաձորի նորընտիր ավագանու նիստին Հանրապետական կուսակցությունը, չունենալով ձայների մեծամասնություն, կատարեց մանդատագողության աննախադեպ ու խայտառակ ակտ՝ քաղաքապետ նշանակելով փաստացի չընտրված սեփական թեկնածուին: Մեկ տարի շարունակ Վանաձորում փաստացի տիրում է անիշխանություն՝ քողարկված քվազի քաղաքապետի դիմակահանդեսով:
Չկա աշխարհում գեթ մեկ օրինակ, երբ 33 անդամից բաղկացած կոլեգիալ մարմնում ընդամենը 15 անդամով ապահովեն քվորում և գումարեն նիստեր. սա բացարձակ ապօրինություն է, սա քաղաքական հանցագործություն է, որին ՀՀ Սահմանադրական դատարանը պետք է տա գնահատական՝ փակելով Հայաստանի քաղաքական համակարգում առաջացած վտանգավոր ճեղքը, քանի դեռ այն վերջնական նախադեպ չի դարձել Հանրապետության քաղաքական համակարգում»,-մասնավորապես նշում է Մարուքյանը:
Մարուքյանի հայտարարության մեջ ասվում է. «Լուսավոր Հայաստան կուսակցությունը մնում է իր սկզբունքներին հավատարիմ և իր պայքարում հաստատակամ. մենք պայքարելու ենք Սահմանադրական դատարանում՝ հասնելու համար այս ապօրինության և անարդարության ճշմարիտ հանգուցալուծմանը: Մենք լիովին պատրաստ ենք նոր ընտրությունների և կարող ենք մրցակցային պայմաններում Վանաձորում գլխովին ջախջախել իշխանությանը։ Ես վստահ եմ, որ մենք փակելու ենք Վանաձորի կյանքի այս անփառունակ էջը՝ վերջ դնելով թալանին, անպատասխանատվությանն ու դիլետանտությանը: Եթե ես գեթ մի օր չհավատամ այն առաքելությանը, որն իրականացնում եմ, անմիջապես կլքեմ քաղաքականությունը: Մենք ունենք մեր երկրի զարգացման ընթացքը փոխելու հնարավորություն և կամք»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե գտնում եք, որ քաղաքի բյուջեն սխալ է, գայիք, դեմ քվեարկեիք. Վանաձորի ավագանու ՀՀԿ-ական անդամ
- Սահմանադրական դատարանը Վանաձորի քաղաքապետի հարցը կքննի հոկտեմբերի 31-ին. «Հրապարակ»
- Վանաձորի ավագանու թնջուկը լուծվել է. մարզպետ
- «Լուսավոր Հայաստանը» կդիմի կառավարությանը՝ Վանաձորի ավագանին լուծարելու հարցով
- Վանաձորի ընտրություններին մասնակցած երեք կուսակցությունները համագործակցության հուշագիր են ստորագրել