Մոնումենտում կառուցվող առանձնատները վտանգված են, այնտեղ սողանքային գոտի է. բնապահպան
«Մոնումենտում կառուցվող առանձնատները վտանգված են, քանի որ այնտեղ սողանքային գոտի է։ Մարդիկ այդ տարածքներում գումարներ են ներդնում, սակայն հայտնի է, որ այնտեղ սողանքներ են լինելու»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։
Նրա խոսքով, էներգետիկ ճգնաժամի տարիներին մայրաքաղաքի անտառաշերտի զգալի մասը ոչնչացվեց, սակայն վերջին տարիներին անտառային ծածկույթի վերականգնում էր նկատվում։
«Հետո սկսեցին վերականգնվող անտառներն այրել, մի բան, որ քաղաքներում ուղղակի անթույլատրելի է։ Այնուհետ այդ տարածքները բաժանեցին օլիգարխներին՝ վիլլաներ կառուցելու համար»,- ափսոսանք հայտնեց բնապահպանը։
Կարինե Դանիելյանի խոսքով, կլիմայի փոփոխության պայմաններում կարող են առատ տեղումներ գրանցվել և Մոնումենտի առանձնատների կառուցապատման վայրում սողանքավտանգությունը մեծանա։
«Որ մեր մտածելակերպը պետք է փոխվի, դրանում չեմ կասկածում։ Մոլորակը պատժում է մարդկությանը։ Այն ազգը, որը կհասկանա դա, կապրի, որը՝ ոչ, ուղղակի կվերանա»,- ասաց նա։
Նշենք, ըստ լրատվամիջոցների՝ այդ տարածքում շքեղ առանձնատներ ունեն նաև որոշ պաշտոնյաներ։