Ով կառաջադրվի դեսպանի պաշտոնում, արժանի կլինի. Կորյուն Նահապետյանը՝ Վրաստանում ՀՀ դեսպանի նշանակման մասին
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը Վրաստանում Հայաստանի դեսպանի հնարավոր թեկնածու Սերգեյ Մինասյանի մասին լրացուցիչ տեղեկությունների չի տիրապետում։ Այս մասին նա հավաստիացրեց այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Որևէ լրացուցիչ տեղեկություն չունեմ: Դուք գիտեք, որ մոտ ժամանակահատվածում Վրաստանում նշանակվելու է Հայաստանի նոր դեսպան: Այդ ամենը կատարվում է սահմանված ընթացակարգերին համապատասխան: Ընդ որում՝ այդ ընթացակարգերի որոշակի հատված գաղտնի է և հրապարակման ենթակա չէ», -ասաց խորհրդարանականը:
Ճշգրտող հարցին՝ հնարավոր է, որ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի թեկնածության հարցը հանվո՞ւմ է օրակարգից, Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Չկա նման բան: Դուք որոշակի ենթադրություններ եք անում: Դեսպանների նշանակման գործընթացը ունի իր տրամաբանությունը: Կան միջազգայնորեն ընդունված ձևաչափեր, որոնց շրջանակներում էլ այդ ամենը տեղի է ունենում»:
Իսկ իր կարծիքով դեսպանի պաշտոնի համար արժանի՞ թեկնածու է Ռուբեն Սադոյանը, հետաքրքրվեցին լրագրողները։ Պատգամավորը պատասխանեց. «Բոլոր այն անձինք, ովքեր հանրապետության նախագահի կողմից կառաջադրվեն դեսպանի պաշտոնում, արժանի են»:
Նկատենք, որ Ռուբեն Սադոյանը, որը Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի սանիկն է, 5-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության այն պատգամավորներից մեկն էր, որը չէր խոսում, Ազգային ժողովում ելույթ չէր ունենում և ոչնչով աչքի չի ընկել:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Սադոյանը՝ Վրաստանում Հայաստանի դեսպա՞ն. «Ժողովուրդ»
- Թբիլիսին մերժե՞լ է Սերգեյ Մինասյանի ագրեմանի տրամադրումը. «Ժամանակ»
- Վրաստանի ԱԳ նախարարը խոստացել է ուղարկել Մինասյանի՝ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի ագրեմանը. «Ժամանակ»
- Սերգեյ Մինասյանը՝ դեսպան նշանակվելու մասին
- Սերգեյ Մինասյանն իր՝ Վրաստանում դեսպան նշանակվելու մասին
- Սերգեյ Մինասյանը, հնարավոր է, Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակվի. «Հրապարակ»