Քննչական կոմիտեն զարգացնում է համագործակցությունը Ռուսաստանի և Բելառուսի կոմիտեների հետ
Աշխատանքային այցով Երևան են ժամանած ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչին
այսօր ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նրանք առանձնազրույց են ունեցել, որից հետո ստորագրվել են երկկողմ փոխըմբռնման հուշագրեր` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների միջև։
Հուշագրերն ստորագրել են երեք երկրների քննչական կոմիտեների նախագահները։
«Հուշագրերի ստորագրումը նոր էջ է բացում Քննչական կոմիտեների փոխգործակցության համար՝ հնարավորություն տալով խորացնել համագործակցությունը մինչդատական վարույթի ոլորտում փորձագիտական հետազոտությունների նոր մեթոդների, քրեագիտական ձեռքբերումների, մասնագիտական վերապատրաստումների, գիտագործնական սեմինարների, գիտաժողովների անցկացման, ինչպես նաև՝ համատեղ կարևորություն ունեցող մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման համար»,- ասել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը և համոզմունք հայտնել, որ հուշագրերի դրույթների կիրարկումը կդառնա տարածաշրջանում մինչդատական վարույթ իրականացնող մարմինների համագործակցության ամրապնդման լավագույն դրսևորումներից մեկը։
Հուշագրի ստորագրումից հետո մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստը։