Միլսը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը հակակոռուպցիոն պայքարի գործում
Կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրավիճակի բարելավման հետևողական քաղաքականությունը 3 հիմնական ուղղությամբ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, նորմատիվ-օրենսդրական դաշտի արդիականացում ու կատարելագործում և Հակակոռուպցիոն խորհրդի ակտիվ աշխատանք: Այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ այսօր ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերիի հետ հանդիպմանը։
Կառավարության տեղեկատվության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է ԱՄՆ օժանդակությունը ՀՀ կառավարության քայլերին, որը կարող է դրսևորվել և´ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը, և´ մյուս ուղղություններով իրականացվող բարեփոխումներին աջակցության տեսքով:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշել է, որ վերջին 8-10 ամսվա ընթացքում Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից դրական ազդակներ է ստացել հատկապես մաքսային ոլորտում կատարվող բարեփոխումների առնչությամբ: Ռիչարդ Միլսը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը հակակոռուպցիոն պայքարի գործում, և այժմ քննարկվում է այդ նպատակով հատկացվող միջոցների վերաուղղորդման և օժանդակության առավել արդյունավետ ուղին գտնելու հարցը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև 2 տարի առաջ մեկնարկած «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագրի ընթացքին: Այն մշակվել է ՀՀ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ և մշակույթի պահպանման ասպարեզում հայտնի Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում և միտված է ազգային մշակույթի պահպանմանը՝ Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով: Քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացված, ինչպես նաև նախատեսվող միջոցառումները և մասնավորապես, հաջորդ տարի ԱՄՆ-ում կազմակերպվող ֆոլկլորային փառատոնին Հայաստանի մասնակցությանը վերաբերող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց