Մերժվեցին Կարո Եղնուկյանի շահերի պաշտպանի միջնորդությունները
«Կարո Եղնուկյանին համապատասխան հոդվածներով մեղադրանք է առաջադրվել քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ քրեադատավարական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցներով»,- ՊՊԾ գնդի գրավման գործով 11 անդամի դատավարության ժամանակ ասաց մեղադրող դատախազը՝ անդրադառնալով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջնորդությանը՝ ունենալ մեղադրական եզրակացություն, որտեղ կնշվի Կարո Եղնուկյանին առաջադրված մեղադրանքը և այն ապացույցների ցանկը, որով հաստատվում է նրան առաջադրված մեղադրանքը:
Մեղադրող դատախազը խոսելով նաև խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանի անդրադարձի մասին, ասաց, որ Կ. Եղնուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվել է օրենքով սահմանված հիմքերի, պայմանների առկայությամբ:
«Այն հիմքերի և հիմնավորումների պայմաններում, որոնց առկայությամբ նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը որպես խափանման միջոց, այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը չի կարող պատշաճ երաշխիք համարվել նրա պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում ապահովելու համար»,- ասաց մեղադրողը:
Տիգրան Հայրապետյանը նաև հանդես էր եկել մեկ այլ միջնորդությամբ՝ այս քրեական գործից Կարո Եղնուկյանի մասն անջատելու և այդ մասով գործն առանձին վարույթում քննելու վերաբերյալ: Գործով փաստաբաններից Արայիկ Պապիկյանն ասաց, որ այսօր իր պաշտպաններ Ա. Լամբարյանը, Ա. Պետրոսյանը մի քանի ժամ սպասում են մի շարք միջնորդությունների քննարկմանը, որոնք իրենց չեն վերաբերում:
«Մեղադրական եզրակացության մեջ պարոն Եղնուկյանի վերաբերյալ մասը մեկուկես էջ է, իմ պաշտպանյալների վերաբերյալ՝ յոթ էջ: Եթե մենք սկսենք մեր մասով խոսելը, տարիներ շարունակ մեզ պետք է լսի Եղնուկյանը: Այս առումով գտնվում եմ, որ Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը՝ Եղնուկյանի գործն անջատելու մասով, տեղին է: Գտնում եմ, որ պետք է դատարանն այս միջնորդությունը բավարարի»,- ասաց Ա.Պապիկյանը:
Մեղադրող դատախազն ասաց, որ պաշտպանի միջնորդությունը բավարարելը և քրեական գործից մաս անջատելը կանդրադառնա գործի վարույթի լրիվության, օբյետիվության վրա, խնդրեց չբավարարել այդ միջնորդությունը:
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց. «Լսելով կողմերի կարծիքը, քննարկելով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը՝ գործից Կարո Եղնուկյանի մասով մաս անջատելու և այդ մասով գործն առանձին վարույթում քննելու մասին, մերժել»:
Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից 2016թ. հուլսի 17-ին ժամը 05։30-ի սահմաններում, զենքի օգտագործմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցներ հանդիսացող անձանց պատանդ վերցնելուց և զավթաց վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցներն ու պատանդներին ազատելու պայմանով պետությանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականի, ինչպես նաև ապօրինի զենք պահելու մեադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելու վերաբերյալ պահանջներ ներկայացնելուց հետո՝ մինչև նշված պահանջների իրականացումը տեղեկություններ, խորհուրդներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով օժանդակել է կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները և պատանդներին պահելուն։
Հարակից հրապարակումներ`
- Միջնորդում ենք՝ դատախազությունը կատարի օրենքով սահմանված իր պարտականությունը. ՊՊԾ գնդի գրավման գործով փաստաբան
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների միջնորդությունը մերժվեց
- Կարծում եմ՝ ձեր մոտ անաչառությունն ավելի դրական է. ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալը՝ դատավորին
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված մասը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին
- ՊՊԾ գնդի գրավման 14 անդամի գործը ևս կիսվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված երրորդ մասը մակագրվել է դատավոր Արթուր Օհանյանին
- ՊՊԾ գնդի գրավման 18 անդամի գործը կիսվեց
- «Մի բռնաբարեք իրավունքը», «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին». ՊՊԾ գնդի գրավման գործով նիստը հետաձգվեց
- ՊՊԾ գնդի գործով ներգրավված պաշտպանները պահանջագիր են ներկայացրել դատավոր Ա.Գաբրիելյանին
- 15 փաստաբան չի ներկայացել ՊՊԾ գնդի գործով դատական նիստին
- ՊՊԾ գնդի գործով դատավորը նիստը հետաձգեց