«Քաղաքական աշուն, կրքերի թեժացում». Շարմազանովը որակում է «Ծառուկյան» խմբակցության դժգոհությունը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ծառուկյան» խմբակցության դժգոհությունը կառավարության գործելաոճից բացատրում է քաղաքական աշնան, կրքերի թեժացմամբ: Նման կարծիք վերջինս հայտնեց այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Ես չեմ զարմանում, որովհետև այդ խմբակցությունն ընդդիմադիր խմբակցություն է, իսկ ընդդիմությունը սովորաբար քննադատում է: Մենք սատարում ենք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությանը, գտնում ենք, որ կառավարության քաղաքականությունը միտված է մեր երկրում առկա խնդիրները լուծելուն: Այն որքանով արդյունավետ կամ անարդյունավետ կլինի, ցույց կտա ժամանակը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ կառավարության հասցեին ընդդիմության քննադատությունները տեղին չեն, բայց ինքը բնական է համարում, որ ընդդիմությունը պետք է իշխանությունների քննադատությամբ զբաղվի:
Դիտարկմանը, որ «Ծառուկյան» խմբակցության քննադատություններում ակնհայտ քաղաքական ենթատեքստ կա, Հանրապետական գործիչը պատասխանեց՝ քաղաքական գործընթացներում բնական է, որ քաղաքական ենթատեքստ պետք է լինի:
«Ինչպես մեր հարգարժան առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում, ընդդիմությունը քննադատելու համար է, իշխանությունը՝ այդ քննադատություներին պատասխանելու: Երբ անձրև է գալիս, ընդդիմությունն ասում է՝ իշխանությունն է մեղավոր, երբ արև է լինում, ասում է՝ իմ շնորհն է: Սա ևս Լևոն Տեր-Պետրոսյանն է ասել»,- հիշեցրեց ԱԺ փոխխոսնակը:
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների առաջարկին՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել և ուսումնասիրել՝ ինչ ճանապարհով է ձեռք բերվել վարչապետի և մի շարք նախարարների ունեցվածքը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց».
«Քննիչ հանձնաժողով ստեղծելու համար 27 ստորագրություն է պետք: Մենք կքննարկենք, կտեսնենք: Այն, ինչ գտնում ենք՝ պետք է, մենք ինքներս ենք նախաձեռնում: ՀՀԿ-ն երբեք ինչ-որ բանի չի միանում, ՀՀԿ-ն ինքն է օրակարգ թելադրում: Եթե մենք այս պահին քննիչ հանձնաժողովի ստեղծում չենք նախաձեռնել, բնականաբար դրա ջատագովները չենք: Բայց մյուս կողմից չենք մերժում որևէ ընդդիմադիր խմբակցության՝ նախաձեռնություն հայտարարելու իրավունքը»:
Շարմազանովը նաև համոզմունք հայտնեց, որ գործող կառավարությունը ժամանակից շուտ հրաժարական չի տա: «Եթե վարչապետ Կարապետյանը հաջողի, հաջողելու է կոալիցիան, ձախողի՝ ձախողելու է կրկին կոալիցիան: Ես ձախողման միտումներ չեմ տեսնում: Տեսնում եմ հաջողության և առաջընթացի միտումներ, որը լինելու է երկարաժամկետ»,- համոզմունք հայտնեց ԱԺ փոխխոսնակը:
Հարակից հրապարակումներ`
- 20 հազար անուն ապրանք Հայաստան ներկրվում է 7 սուբյեկտի կողմից. Միքայել Մելքումյան
- Բյուջե եք ուզում լցնել, տեղը ցույց ենք տալիս. Նարիա Զոհրաբյան
- Վարք նախարարությունների-5. Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան