«Երբ որ լեննականցիները պանելների տակից դուրս էին գալիս, ասում էին՝ ծո, հո Երևանին բան չի եղել». Վարդան Ղուկասյան
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն իր ելույթում մտահոգություն հայտնեց 1988-ի դեկտեմբերի 7-ին երկրաշարժ տեսած տարածաշրջանի մասին։ Նա հիշեցրեց 1999-ին նույն ամբիոնից իր ելույթը, երբ կրկին աղետի գոտու վերականգնման հարցն էր քննարկվում:
«Մոտավորապես 30 տարի է աղետի գոտի անվանումը այդ տարածաշրջանից դուրս չի գալիս։ Ամեն երկրորդ տունը հիմա դատարկվում է։ Գյումրվա վարպետները Կովկասում և դրանից դուրս համբավ ունեն, բայց այսօր փողոցներն են չափչփում։ Գյումրեցի տղամարդը սովոր է, որ դատարկ ձեռքով տուն չմտնի, բայց հիմա տուն է մտնում՝ երեխաներն ասում են «պապա ջան սոված եմ, պապա ջան հաց կուզեմ, այդ հոր սիրտն է պայթում»։ Ցավում եմ, որ ծնելիությունն ավելի քիչ է, քան մահացությունը»,- ասաց պատգամավորը։
Վարդան Ղուկասյանը մտահոգություն հայտնեց, որ Երևանի բյուջեն 85 մլրդ դրամ է, Գյումրիինը՝ 3 մլրդ դրամ։
«Մենք սիրում ենք մեր Երևանը, բայց մի բան գիտեմ, երբ որ լեննականցիները պանելների տակից դուրս էին գալիս, ասում էին՝ ծո, հո Երևանին բան չի եղել, իսկ երբ որ երրորդ օրը Գորբաչովը եկավ ասեցին՝ «ա կակ բուդետ կառաբախսկիյ վոպրոս»»,- ասաց պատգամավորը։
Ելույթը շարունակելու համար պատգամավորի ժամանակը չհերիքեց և նա խաչակնքվելով հեռացավ ամբիոնից։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց