ԵՄ հետ համաձայնագրով լուրջ միջոցներ ենք ստանալու տարածքների տնտեսական և համաչափ զարգացման խնդիրները լուծելու համար. Դավիթ Լոքյան
Հայաստանում այսօր 52 խոշորացված համայնք կա։ Դեկտեմբերի 8-ին՝ Դիլիջանում, ՀՀ ՏԿԶ նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված երկօրյա խորհրդաժողովի մեկնարկին այս մասին նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Նա կարևորել է խորհրդաժողովը, քանի որ բարեփոխումների փուլում ենք, և դրանք համայնքապետերի և նախարարության պատասխանատուների շնորհիվ իրականացվում են առանց ցնցումների և կշարունակվեն նաև 2018թ.-ին։
«Արդյունքում մենք ձևավորելու ենք մի համակարգ, որի միջոցով ավելի հեշտ է լինելու համայնքի հետ աշխատանքը, տնտեսական զարգացման ծրագրերի իրականացումը, համայնքների հետ ավելացված արժեք ստեղծելը, համայնքների բարեկեցության մասին մտածելը։ Մենք մի շարք պարտավորություններ ունենք նաև տարբեր միջազգային կազմակերպությունների նկատմամբ, մասնավորապես, 2018-ին նախատեսվում է, որ մենք Եվրամիության ասոցացման համաձայնագրով լուրջ միջոցներ ենք ստանալու տարածքների տնտեսական զարգացման և տարածքների համաչափ զարգացման խնդիրները լուծելու համար։ Բայց դրա համար մենք ունենք 3 հիմնական պարտավորություն` 1.կոնսոլիդացման, համախմբման աշխատանքների շարունակում, 2. ուշադրություն դարձնել համայնքների ֆիսկալ քաղաքականությանը, 3. ժողովրդավարություն, տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության ապահովում»,- ասել է նախարարը։
Նախարարը խոսել է նաև տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ իրականացվող և նախատեսվող բարեփոխումների և ծրագրերի մասին և այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծել է համաժողովի նշանակությունը, հենց համայնքի ղեկավարներից կառուցողական և արդյունավետ առաջարկներ ներկայացնելու կարևորությունը։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, մասնավորապես, Հայաստանի համայնքների միությանը, ՀՀ ԿԲ-ին, Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին, որոնք աջակցել են այս համաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքներին։
Խորհրդաժողովի առաջին օրը համայնքների ղեկավարների հետ քննարկվել են մարզերում և համայնքներում տնտեսական զարգացմանը միտված տարբեր ծրագրերի ընթացքը և հնարավորությունները։ Խորհրդաժողովի 2-րդ օրը քննարկումներ են ծավալվելու ՀՀ-ում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքի մասին, ինչպես նաև անդրադարձ է կատարվելու համայնքներում տնտեսական զարգացման առկա միտումներին: Կենտրոնական բանկի ներկայացուցիչները ներկայացնելու են համայնքների զարգացման, ֆինանսական ներգրավվածության, ֆինանսավորման այլընտրանքային հնարավորությունների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ