Շարմազանովը՝ ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանում ընդունված հայտարարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող, ներքաղաքական ու ներկուսակցական տարբեր հարցեր:
Նիստից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով նոյեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սարգսյանի մասնակցությանը ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին՝ հիշեցրեց, որ այնտեղ ընդունվել է հռչակագիր ու հայտարարություն, որում էական տեղ է հատկացվել արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը. «ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները վերահաստատել են իրենց աջակցությունը համանախագահների խաղաղ բանակցային գործընթացին, վերահաստատվել է, որ խնդիրը պետք է լուծվի 3 հայտնի սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի իրացում»:
Նրա խոսքով՝ հայտարարության մեջ նաև նշվել է, որ պետք է իրականացվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրբի պայմանավորվածությունները: «Սա հայկական դիվանագիտության և, մասնավորապես նախագահ Սարգսյանի դիվանագիտական քաղաքականության հաջողությունն է, որովհետև մենք տեսել ենք, որ եղել են պետություններ, որոնք Ադրբեջանի դրդումով կամ կեղծ քաղաքականության արդյունքում փորձել են այս կոնֆլիկտը ներկայացնել որպես տարածքային ամբողջականության խնդիր՝ այն դեպքում, երբ սա ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման դասական օրինակ է»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա միաժամանակ նշեց, որ շատ կարևոր է՝ երբ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներն ընդունում են նման դիրքորոշումը, որը համահունչ է Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը: «Նախորդ անգամ նման հանդիպում տեղի էր ունեցել Երևան, որտեղ նույնպես եղել է հայտարարություն: Այս հայտարարությունում ավելացել է Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների իրականացումը, ինչը շատ կարևոր է մեզ համար»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ