ԼՂ հակամարտությանը Ֆրանսիայում ամենաբարձր մակարդակով ուշիուշով հետևում են. Ջոնաթան Լաքոթ
Ֆրանսիան վճռականորեն լծվել է այն աշխատանքին, որը պիտի տանի ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ: Դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը: Դեսպանին պաշտոնավարման երկու ամիսների ընթացքում հասցրել է զարմացնել Հայաստանում ամեն քայլափոխի ԼՂ հակամարտության «առկայությունը»:
«Ես փաստել եմ, որ այս երկու ամիսներին շփման գծում եղել են զինվորների մահվան դեպքեր: Եթե ես ճիշտ եմ հիշում՝ 2017 թվականի սկզբից մինչ օրս 57 զինվոր է զոհվել, այսինքն՝ խոսքն ամենևին էլ սառեցված հակամարտության մասին չէ: Սա իրական հակամարտություն է, որը ծանր կշիռ ունի հայ հասարակության, ՀՀ կառավարության, Հայաստան պետության վրա, և հակամարտություն է, որը մեզ մտահոգում է»,- նշեց նա:
Դեսպանն ընդգծեց՝ ԼՂ խնդրի կարգավորման հիմքում ուժի չդիմելու սկզբունքն է, որովհետև այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Նա ընդգծեց՝ մյուս կարևոր սկզբունքներն են տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները, այս երեք սկզբունքները բանակցային գործընթացի կենտրոնում են:
Լաքոթի վստահեցմամբ՝ Ֆրանսիան վճռական է՝ լիարժեքորեն իրականացնել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում իր ստանձնած հանձնառությունները:
«Մենք գոհունակություն ենք հայտնել բոլորովին վերջերս Ժնևում, օրեր առաջ Վիեննայում կայացած հանդիպումների և եկող տարեսկզբին նախատեսված հանդիպումների առիթով: Սա այն հակամարտությունն է, որին Ֆրանսիայում ղեկավարության ամենաբարձր մակարդակով ուշիուշով հետևում են»,- ասաց նա:
Դեսպանի խոսքով՝ Ֆրանսիան լիարժեքորեն հանձնառու է կատարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կազմում իր ստանձնած առաքելությունը, սակայն այստեղ խոսքն ամեն դեպքում միջնորդական առաքելության մասին է: Բանակցված և տևական լուծում գտնելու բանակցային գործընթացի կարևորությունը, սակայն, ըստ Լաքոթի, պատկանում է հակամարտող երկու կողմերին:
«Որպեսզի ավելի հստակ լինի ամեն ինչ, կասեմ՝ ինձ պատիվ է վիճակվել ստանձնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պարտականությունները, բայց Մինսկի խմբում իմ մեկ այլ գործընկեր է ստանձնել այդ առաքելությունը, և բնականաբար ես չեմ կարող բանակցային գործընթացի բովանդակության մասին արտահայտվել»,- ասաց նա:
Դեսպանը նշեց՝ իր առաքելությունն է պատկան գերագույն իշխանություններին պարբերաբար իրազեկել, տեղեկացնել ԼՂ հակամարտության՝ Հայաստանի վրա թողած ազդեցության մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը