Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Փարիզում այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Ֆրանսիա իր այցելության նպատակները և օրակարգը, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը։
Նախարարը հանգամանալից անդրադարձ է կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին, հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։
Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրով նախատեսված համագործակցության հեռանկարների մասին։
ԱԳՆ ղեկավարը հանդիպման մասնակիցներին ծանոթացրել է միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի արդյունքներին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը։
Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը առանձնահատուկ տեղ էր հատկացված Երևանում հաջորդ տարի կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդականին
- Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարի հետ
- Դեսպան. Նախապատրաստում ենք Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է