Քրեական գործեր` ՔԿ և ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնցից 3-ը վերաբերում են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքերին:
ՀՔԾ-ից հայտնում են. «Ս. Ի.-ն հաղորդում է տվել, որ Երևան քաղաքի գիշերային ակումբներից մեկում իր մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով ցուցմունք է տվել, որ միջադեպի ժամանակ ինքն ու ակումբի այցելուներից երկու երիտասարդներ հայհոյել և հարվածներ են հասցրել միմյանց: Նախաքննության ընթացքում հիշյալ գործը քննող` ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչն իրեն հայտնել է, որ քրեական պատասխանատվության չենթարկվելու և գործը «փակելու» համար անհրաժեշտ է փոխել իր ցուցմունքները` վստահեցնելով, որ քրեական գործով անցնող մյուս անձինք նույնպես փոխելու են իրենց ցուցմունքները: Այդ նպատակով քննիչը Ս. Ի.-ի անունից նոր ցուցմունք է գրել, թե, իբր, ակումբում լուրջ վիճաբանություն տեղի չի ունեցել, և վերջինս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախկինում հայտնել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ:
Ես մեկ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես, 13.12.2017թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում քրեական գործով վկա Է. Ս.-ն ցուցմունք է տվել, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հիշյալ քրեական գործով նախաքննության ժամանակ կատարված առերեսման ընթացքում Հ. Ա.-ն ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով` ծեծի է ենթարկել իրեն, սակայն քննիչը հրաժարվել է արձանագրել այդ հանգամանքը` պատճառաբանելով, որ շտապում է դեպքի վայր»:
Մյուս քրեական գործերի մասին մանրամասն ՀՔԾ պաշտոնական կայքում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: