Արցախյան հարցը խաղաղ լուծում չունի. քաղաքագետ
Ադրբեջանը պաշտոնապես Ռուսաստանի դաշնակիցը չէ, և զենքի մատակարարումները բացառապես կոմերցիոն բնույթ են կրում: Ներքին իմաստով դրանք ուղղված են Հայաստանի և Իրանի դեմ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ հիշեցնելով, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, և զենքի մատակարարումները մեր երկիր որևէ կարգ չեն խախտում:
«Մենք պետք է աշխատենք, բացատրենք այս տարբերությունը, որովհետև ԱՄՆ- ն խոշոր երկիր է և կարող է շատ մանրուքներ չնկատել: ԱՄՆ-ի ռազմավարությունը Ռուսաստանի նկատմամբ մեկ նպատակ ունի՝ ՌԴ-ն դարձնել ժողովրդավարական երկիր, քաշել նրա ատամները: Ռուսաստանը զենքի հրեշ է և կարող է ապակայունացնող դեր խաղալ տարածաշրջանում: Ապրիլյան պատերազմն, ըստ էության, սանձազերծվեց Ռուսաստանի զենքի մատակարարման արդյունքում, սակայն հայկական բանակի սկզբունքային դիմադրությունը դիմադրեց դաշնակցի սադրանքներին: Արցախյան հարցը խաղաղ լուծում չունի, այն ի վերջո լուծվելու է ռազմական ճանապարհով»,-ասաց նա՝ հավելելով, որ Արևմուտքը պետք է օժանդակի Հայաստանին՝ դիմակայելու Ռուսաստանի ճնշումներին:
Բանախոսը նաև շեշտեց, որ Ադրբեջանի հետագա զինումը կարող է խիստ բացասական դեր ունենալ Իրանի հարցում: Մինչդեռ Իրանը բացարձակ սխալ քաղաքականություն է իրականացնում Ադրբեջանի հանդեպ, չեզոքություն ցուցաբերում նրա զինման նկատմամբ: Այդ է պատճառը, որ ամենևին չպետք է ֆետիշացնել այդ երկրի իշխանություննների չեզոք վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ:
Շիրինյանի խոսքով, Հայաստանն անընդհատ պետք է ապակայունացնի Ադրբեջանի վիճակը: Այդ երկրին քայքայելու ուղղությամբ, ըստ քաղաքագետի, պետք է աշխատեն Հայաստանը, Իրանը և թալիշները:
Լևոն Շիրինյանը Հայաստանի հզորացման գործում ընդգծեց հինգերորդ շարասյան բացառումը: «Այս ուժը չպետք է գործի, չպետք է իրեն ցույց տա: Մենք միշտ պետք է զգույշ լինենք հինգերորդ շարասյունից, որովհետև Հայաստանում նման ուժերի հակում կա: ՀՀ անկախությունը պետք է բացարձակ արժեք լինի»,- ամփոփեց քաղաքագետը՝ հայրենիքի զարգացման գործում ընգծելով նաև հայկական լոբբիի գործոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին