Խորհրդարանը պետք է լինի իշխանություն-ընդդիմություն պայքարի միակ վայրը. Շարմազանով
«Մեկնարկել է 2018 քաղաքական տարին, որը ինչպես և սպասվում էր հարուստ է ներքին և արտաքին քաղաքական իրադարձություններով»,- խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ ապրիլին Հայասատանը լիարժեք անցում է կատարելու կառավարման խարհրդարանական համակարգի և խոհրդարանականների խնդիրն է լինելու օրենսդրական հիմք ապահովել այդ անցման համար. «Պետության շահերը պահանջում են, որպեսզի այդ անցումը լինի սահուն և անցնցում: Խորհրդարանը`որպես երկրի բարձրագույն օրենսդիր ներկայացուցչական մարմին, պետք է ապահովի քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, և Ազգային ժողովը, այլ ոչ թե փողոցը, այսուհետ, պետք է լինի ընդդիմության և իշխանության գաղափարական և ծրագրային պայքարի միակ վայրը»:
Շարմազանովի կարծիքով՝ քաղաքական պայքարի այլ օրինական մեթոդներ էլ կարող են օգտագործվել, բայց առավել արդյունավետ, մանավանդ, պառլամենտական համակարգում, քաղաքական պայքարն է խորհրդարանի ներսում:
«Մենք` խորհրդարանականներս, պետք է ձգտենք առավել արդյունավետ օգտագործել, մեր լիազորությունների ողջ գործիքակազմը, որպեսզի արդարացնենք հանրության սպասելիքները: Հարգելի խորհրդարան, մեկ ամսից լրանում է Արցախյան շարժման 30-րդ տարեդարձը: Շարժում, որը մեզ և մեր հայրենիքին տվեց հպարտություն, միասնություն, հաղթանակ և անկախ երկրում ապրելու երջանկություն: Մեր պարտքն է անել հնարավորինն ու անհնարինը հասնելու Արցախի հարցի արդար լուծմանը: Որտեղ ունենք անհամաձայնություն, մենք պարտավոր ենք հասնելու ներդաշնակության և միասնության, իսկ որտեղ ունենք կասկած, պետք է ձեռք բերենք վստահություն ու հավատ: Այսօր Արցախը փաստացի անկախ հանրապետություն է, և Արցախի քաղաքացու ազատությունն ու անկախությունը անշրջելի փաստ է: Մեր գլխավոր խնդիրներից մեկն է լինելու բոլոր միջազգային հարթակներում սատարել արցախահայության աստվածատուր ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացմանը»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները