Կառավարությունը մերժեց «Ելք»-ի առաջարկը՝ կրճատել մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատաժամանակը
Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հեղինակած «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը։
Պատգամավորն առաջարկում է նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատողի պահանջով մինչև երեխայի նախադպրոցական տարիքի ավարտը աշխատանքային օրվա ավարտ համարվել 17.00-ն։ Նման պահանջի իրավունք ունի աշխատող ծնողներից միայն մեկը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնելով կառավարության եզրակացությունը՝ նշեց, որ օրենքի նախագիծը խնդրահարույց է՝ այն չի ծառայում հիմնավորման մեջ նշված նպատակին, և առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:
Կառավարության եզրակացության համաձայն՝ այսօրվա դրությամբ աշխատաժամանակի սկիզբը ժամը 9.00-ն է, իսկ ավարտը` 18.00-ն: Հետևաբար, Նախագծով առաջարկվող կարգավորումը և հիմնավորման մեջ նշված պնդումն առ այն, որ աշխատանքային օրվա ավարտը ժամը 17.00-ը սահմանելու պարագայում աշխատանքային ժամերը կկրճատվեն մեկ ժամով, վերաբերելի է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների, ինչպես նաև այն կազմակերպությունների աշխատողներին, որտեղ գործատուի ներքին կարգապահական կանոններով աշխատանքային օրվա ավարտը սահմանված է ժամը 18.00-ը:
«Մինչդեռ, գործատուներն ազատ լինելով սահմանելու աշխատանքային օրվա սկզբի և ավարտի ցանկացած ժամ, կարող են աշխատանքային օրվա սկիզբը սահմանել օրինակ` ժամը 13.00-ն, իսկ ավարտը` ժամը 21.00-ն, արդյունքում, նախագծի ընդունման դեպքում աշխատանքային օրվա տևողությունը կկրճատվի ոչ թե մեկ, այլ՝ չորս ժամով:
Բացի այդ, հնարավոր են դեպքեր, երբ նախադպրոցական ուսումնական հաստատությունում աշխատանքային օրվա ոչ միայն ավարտը, այլ նաև սկիզբը չհամապատասխանեն աշխատողի աշխատանքային օրվա սկզբի և ավարտի հետ»,- նշված է հիմնավորման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները