Թումանյանում ակտիվացած սողանքային գոտում մեկնարկում են հորատման աշխատանքներ
Լոռու մարզի Թումանյան համայնքում առկա ակտիվացած սողանքային տեղամասում շարունակվում են ջրի ելքերի դիտարկման աշխատանքները: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սողանքային լանջի կայունացման համար որոշում է կայացվել հեռացնել գրունտային ջրերը հորիզոնական հորատման միջոցով: Հորատման կետերը որոշվել են ինժեներաերկրաբանական հետազոտության միջոցով: Տեղում իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ հորատման տեխնիկան տեղ հասցնելու ուղղությամբ:
Այսօր դեպքի վայր մեկնած ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն անցկացրել է սողանքային մարմնի կայունացմանն ուղղված աշխատանքների հետագա կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, «Վեոլիա ջուր», «Հարավկովկասյան երկաթուղի» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին սողանքային մարմնի կայունացմանն ու հետագա տարածման ռիսկերի չեզոքացմանն ուղղված աշխատանքները:
Թումանյան համայնքում օրերս ակտիվացած սողանքի հետևանքով ձորալանջի մի մեծ հատված փլուզվել և վտանգավոր իրավիճակ էր ստեղծել տեղանքի երկաթգծի և Մ6 մայրուղու համար:
Հարակից հրապարակումներ`
- Թումանյանում սողանքի ակտիվացմանը հիմնականում նպաստել են ստորգետնյա ջրերը
- Մեկ ամիս Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհին հարակից թունելները փակ են լինելու