Գեղարքունիքի մարզում ծանր հանցագործության դեպքերը նվազել են մոտ 16 տոկոսով
2017թ. ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցված հանցագործությունները նվազել են 11,2 տոկոսով: Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ այս մասին այսօր Գեղարքունիքի մարզի դատախազությունում անցկացված խորհրդակցության ժամանակ ներկայացրել է մարզի դատախազ Սարգիս Մնացականյանը։
Մարզում ծանր հանցագործության դեպքերը նվազել են մոտ 16 տոկոսով, իսկ գրանցված 5 սպանության դեպքերից առայժմ չի բացահայտվել 1-ը: Հրազենի գործադրմամբ կատարված բոլոր 3 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախորդ տարվա համեմատ մարզում փոքր ինչ նվազել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Արձանագրվել է, որ մեծ թիվ են կազմում չբացահայտված բնակարանային գողությունների դեպքերը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դրական արդյունքներ են արձանագրվել հետախուզվող մեղադրյալների հայտնաբերման գործընթացում: Եթե 2016թ. հայտնաբերվել է 68 հետախուզվող անձ, ապա 2017թ. նրանց թիվը կազմել է 81: Նվազում է արձանագրվել մահվան ելքով ավտովթարների դեպքերի դինամիկայում:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևորել է հատկապես ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների հետևողականությունը: Հատկապես սպանության, սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս հասցնելու ցանկացած դեպքով քննության առարկա պետք է դարձնել նաև իրավապահ մարմինների կողմից դրանց կանխարգելման հնարավորությունը: «Երբ այդ դեպքերի քննության արդյունքում կպարզվի, որ իրավապահ մարմիններից որևէ մեկը, ցանկացածը, այստեղ անելիք է ունեցել և թերացել է, պետք է առանձին իրավական գնահատականի արժանանա»,-նշել է ՀՀ գլխավոր դատախազը: