Աշոտ Մանուկյանը կարևորել է ՀԱԷԿ-ի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ աշխատանքները
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ այսօր Արմավիրի մարզում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին, ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքների 2-րդ փուլի նախապատրաստական աշխատանքներին, որն, ըստ ժամանակացույցի, կմեկնարկի ապրիլի 14-ին:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ օրակարգի մեկ այլ հարցով անդրադարձ է եղել արդիականացման միջոցառումների ծրագրին:
Պատասխանատուների հավաստմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել սարքերի և սարքավորումների փոխարինման աշխատանքներ:
Աշոտ Մանուկյանը կարևորել է ՀԱԷԿ-ի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ աշխատանքները: Նախարարը բարձր է գնահատել ՀԱԷԿ-ի աշխատակիցների ներդրումը, աշխատանքային փորձն ու արհեստավարժությունը, միևնույն ժամանակ ընդգծել ատոմային էներգետիկայի բնագավառում երիտասարդ մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը՝ ատոմակայանի աշխատակիցների կազմը երիտասարդ կադրերով համալրելու նպատակով:
Նախարարը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող միջոցառումների նախապատրաստության ընթացքին։
Խորհրդակցությանը մասնակցել է Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավար և ինժեներական անձնակազմը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց