Շուշան Դոյդոյան. «Հետո չասեք՝ բա ինչու՞ մեր ռեյտինգը ընկավ»
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը կառավարության նիստերը լրագրողների առջև փակելը մամուլի ազատության դեմ ոտնձգություն է որակում։ Այդ մասին կենտրոնի ղեկավարը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Անցյալ տարի փոխեցին օրենքը՝ լրագրողների կողմից պաշտոնյաների անձնական տվյալներ հավաքելու գործընթացը դնելով հսկողության տակ, այս տարի լրագրողների առջև փակում են կառավարության նիստերը, արգելում առանց թույլտվության խոսել կառավարության անդամների հետ։ Ո՞րն է լինելու հաջորդ քայլը ընդդեմ մամուլի ազատության։
Հետո չասեք՝ բա ինչու՞ մեր ռեյտինգը ընկավ Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում։ Այսօր արդեն տեղեկացնում եմ այս ամենի մասին Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությանը»,-գրել է Շ. Դոյդոյանը:
Նրա կարծիքով, կառավարության նիստերը չպետք է գաղտնի լինեն՝ բացառությամբ ազգային անվտանգության շահով պայմանավորված հատուկ հարցերի քննարկման ժամանակ։
Վաղուց ժամանակն է ոչ թե նիստերը գաղտնի դարձնելու, տեղեկատվությունը փակելու ամենահեշտ, բայց անարդյունավետ միջոցին դիմել, այլ հանգիստ ընդունել մամուլի և հասարակության քննադատությունը։ Այս օրինագիծը հրապարակայնության առումով լուրջ հետընթաց է։
Ի վերջո, եթե պաշտոնյային քննադատում են հանրության միջոցներով կոնյակ առնելու համար, ապա ոչ թե պետք է սկսել ավելի թաքուն առնել, այլ պետք է հանրության միջոցները չմխսել ընդհանրապես»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ օրենքով սահմանվել է՝ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն:
«Աշխարհում բոլոր երկրների կառավարություններն իրենց նիստերը գումարում են դռնփակ, և միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել որոշակի հարցի վերաբերյալ՝ վարչապետի որոշումներով կառավարության նիստերի մի մասը կանցկացվի դռնբաց»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը հետքայլ չէ ժողովրդավարությունից. Շարմազանով
- Դռնփակ նիստ անցկացնելը ժողովրդավարական է. Դավիթ Հարությունյան
- Նոր վարչապետի օրոք կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ
- Շուշան Դոյդոյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել