Կարիքավոր համայնքներում ջրամատակարարման կայանների վերակառուցում և արդիականացում կիրականացվի
«Ջրային տնտեսության պետական կոմիտեն ՎԶԵԲ-ի աջակցությամբ մի շարք ծրագրեր է իրականացրել, որոնցից երկուսն արդեն ավարտված են»,- այս մասին նշել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Դմիտրի Գվինդադզեի հետ հանդիպմանը։
Ջրպետկոմի նախագահի խոսքով՝ դրանցից մեկը Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիրն էր, որն իրականացվել է նաև ՎԶԵԲ վարկային միջոցներով. «Այս ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ բարելավել Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ջրամատակարարումը, ինչպես նաև՝ Տավուշի և Վայոց ձորի մարզերում կեղտաջրերի մաքրման կայաններ կառուցել»։
Ջրպետկոմի մամուլի ծառայության հաղորդմամբ, երկայացնելով ընթացիկ ծրագրերը՝ Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ Բանկի համաֆինանսավորմամբ այս պահին երկու խոշոր ծրագիր է իրականացվում, մեկ մարզերում, մյուսը՝ Երևանում:
Հայաստանի ջրամատակարարման ոլորտի ներդրումային ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը 80 մլն եվրո է, նախատեսվում է Հայաստանի 9 մարզերի 126 առավել կարիքավոր համայքներում ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի և ջրի մաքրման կայանների վերակառուցում և արդիականացում իրականացնել: Այս ծրագրում ՎԶԵԲ վարկային մասնակցությունը կազմում է 30 մլն եվրո:
Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրով նախատեսվում է իրականացնել ջրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքներ, այդ թվում՝ ջրի նոր խողովակների և պոմպերի փոխարինում, անհատական միացումների փոխարինում և ջրաչափերի տեղադրում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 21 մլն դոլար, ՎԶԵԲ մասնակցությունը՝ 7 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին