Պետք է կարգավորենք բնակիչների ժամանակավոր կացության հարցը. Կամո Արեյան
«Այս պահին հրավիրել ենք համապատասխան մասնագետներ, Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, լիցենզավորված սեյսմիկ հետազոտություն իրականացնող կազմակերպություններ, ձևավորվել է մասնագիտական խումբ, որը կատարում է թե ակնադիտական, թե մասնագիտական հետազոտություն՝ ստուգելու շենքի կոնստրուկցիաների, կրող պատերի, միջնահարկերի, աստիճանավանդակի վիճակը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ ով Վրացական փողոցի թիվ 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի վայրում է։
Նրա խոսքով՝ իրականացվում է վթարի հետ կապված հետաքննություն, որի արդյունքում պարզ կդառնան պատճառներն ու հետևանքները, որից հետո էլ ձեռնամուխ կլինեն հետագա աշխատանքներին. «Հինգ հարկանի շենք է, այս մուտքում 14 բնակարան կա։ Ըստ էության՝ վնաս կրել է չորս բնակարան, երկուսը՝ թեթև, մասնակի, իսկ հիմնական վնասը կրել են վերևի և դիմացի բնակարանները»։
Փոխքաղաքապետը շեշտեց, որ շենքի այս հատվածի անվտանգությունը պետք է պահպանված լինի մինչև հետաքննության ավարտը։
Ինչ վերաբերում է քաղաքացիների փոխհատուցման խնդրին՝ Արեյանն ասաց. «Օրենսդրորեն իրականացման կարգ գոյություն ունի, հետաքննությունից հետո պարզ դարձած պատճառները նաև ի հայտ կբերեն պատասխանատուներին։ Այնուամենայնիվ, շենքն ընդգրկված է բազմաբնակարան համակեցության կանոնների մեջ։ Պատճառները պարզ դառնալուց հետո օրենսդրորեն կառաջանա թե պատասխանատվության, թե փոխհատուցման հարցը։ Այս պահին մենք ձեռնամուխ ենք լինելու առաջնահերթ այն մարդկանց աջակցության, ում բնակարանների ապակիները փշրված են»։
Բնակիչների ժամանակավոր կեցության խնդրին անդրադառնալով՝ Արեյանն ասաց, որ առաջին դիտարկման փուլում խորհուրդ չեն տալիս, որ հատկապես այս մուտքի բնակիչները այս պահին բնակվեն այստեղ. «Ես կսպասեմ այստեղ, մինչև խումբն ավարտի աշխատանքը, ըստ այդմ էլ մենք վարչական շրջանի ղեկավարի հետ նաև այդ հարցին կանդրադառնանք։ Եթե մարդկանց կյանքին վտանգ է սպառնում, անթույլատրելի է այստեղ ապրելը, մենք պետք է կարգավորենք նրանց ժամանակավոր կացության հարցը, եթե իսկապես հաստատվի, որ անվտանգությունը երաշխավորված չէ»։