Թեև խնդիրը դեռ լուծված չէ, «Ինտերօրթո» պրոթեզավորման կենտրոնը վերսկսել է աշխատանքը
Գրեթե երկու ամսվա դադարից հետո Երևանի «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը վերսկսել է աշխատանքը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնի օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարից կենտրոնը չէր գործում, քանի որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարած մրցույթը շահել էր ավելի ցածր գին առաջարկած կազմակերպությունը՝ «Պրոթեզոօրթոպեդիկ» ՓԲԸ-ն: Այնտեղ պետք է նաև իրականացվի ազդրի պրոթեզավորումը, պրոթեզների վերանորոգումը: Գինոսյանը Panorama.am-ին հայտնել էր, որ «Ինտերօրթո»-ն փակվել է, քանի որ այն միայն պետպատվերով է աշխատում, վճարովի ծառայություններ չունի և ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել:
Փետրվարի 1-ին էլ հաշմանդները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում էին իրենց պրոթեզավորման իրավունքը չփոխանցել մեկ այլ կազմակերպության: Մասնավորապես, նրանք ասում էին, որ պետք է թույլ չտալ, որպեսզի «Ինտերօրթո»-ն փակվի, քանի որ իրենց պրոթեզները պատրաստվում են գերմանական տեխնոլոգիաներով, բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից, մինչդեռ այլ պրոթեզավորման կենտրոնում աշխատում են չինական հումքով, ինչը անորակ է:
Մկրտիչ Գինոսյանի խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե այս ամենն ինչով կավարտի, մինչև խնդրին լուծում տրվի, իրենք այդ ընթացքում կընդունեն բոլոր հաշմանդամներին:
«Հստակ ոչինչ չկա: Մեզ ասել են՝ աշխատենք, մինչ խնդրին լուծում տրվի: Այսինքն՝ փորձում են լուծումներ գտնել: Սոցապ նախարարությունն ունի իր ծրագիրը, թե որքանով մեր առաջարկները համահունչ կլինեն իրենց ծրագրին՝ չեմ կարող ասել»,- ասաց օրթոպեդը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանն էլ Panaorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տարբեր մասնագետների հետ քննարկումներ են ընթանում և խոստացավ վերջնական արդյունքների մասին հայտնել մեկ կամ երկու օրից:
«Փորձում ենք շատ արագ այդ հարցը լուծել»,- հավելեց նա:
Արթուր Կեսոյանի խոսքերով՝ իրենք հաշվի են առնելու «Ինտերօրթո»-ի մասնագտների առաջարկները: «Մեր նպատակն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք արագ կարգով ծառայություն ստանան, որևէ մեկը չտուժի, կենտրոնն էլ շարունակի աշխատել»,- ասաց վարչության պետը:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանականով հազիվ եմ քայլում, չինականով ո՞նց քայլեմ. հաշմանդամների ակցիան կառավարությունում
- Պրոթեզավորման կենտրոնի փակման հետքերով. Գինոսյանը մտահոգ է զինհաշմանդամների ապագայով
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը