Մենք ասում ենք՝ ինչքան անհրաժեշտ է այդքան աշխատող ընդունեք, որոնք համայնքներում խնդիրներ կլուծեն. Լոքյան
Հայաստանի համայնքների զարգացման համար իրականացվում են շուրջ 30-35 մլն դոլարի ներդրումային ծրագրեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նախարարը նշեց, որ «Ինտեգրված աջակցություն գյուղական տարածքների զարգացմանը. համայնքների դիմակայության ամրապնդում» ծրագրի շրջանակներում , 2017 թվականի ընթացքում ավարտվել են 44 ջերմոցի, գինու փոքրածավալ 9 արտադրամասի, չրի 8 արտադրության, գյուղմեխանիզացիայի 2 հավաքակայանի, 2 հավաքման կետի (սառնարանային տնտեսության,ալրաղացի) կառուցումը, ինչպես նաև հիմնվել է 28,4 հա պտղատու այգի:
Դավիթ Լոքյանը հայտնեց, որ «Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում» ծրագրով էլ 60 գյուղական բնակավայրերում իրականացվում են միջոցառումներ, որոնց նպատակն է գյուղական համայնքների բնակիչների համար ստեղծել լրացուցիչ կայուն եկամուտ ապահովվող հնարավորություններ: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է Իջևանի տուրիստական հետազոտական կենտրոնը, որի նպատակն է մարզի զբոսաշրջային կարողությունների բացահայտումը և առաջմղումը։
Անդրադառնալով համայնքների խոշորացմանը, մասնավորապես հարցին, թե մարզերի որոշ բնակիչներ, այդ թվում՝ սահմանամերձ, բռնել են արտագաղթի ճանապարհը, նախարարն ասաց, որ դա խոշորացման արդյունք չէ, խոշորացման արդյունքում թեև կրճատվել են որոշ աշխատատեղեր, բայց դրանց փոխարեն նորերն են բացել:
«Մենք ոչ թե մարդ կրճատելու խնդիր ենք դրել, այլ ասում ենք՝ ինչքան անհրաժեշտ է այդքան աշխատող ընդունեն, որոնք պարտականություններ ունեն, ինչ-որ խնդիրներ կլուծեն համայնքում: Օրինակ՝ Դիլիջան խոշորացված համայնքում մի քանի տասնյակ մարդ կրճատվեց, բայց այսօր երբ համայնքը բնականոն գործունեություն է ծավալում, տեխնիկապես համալրվել է, 30 մարդ աշխատանք է ստացել»,- ասաց նա:
Ըստ Դավիթ Լոքյանի՝ խոշորացումը ոչ թե կկասեցնի սահմանամերձ համայնքների զարգացումն ու կդառնա արտագաղթի պատճառ, այլ կբարձրանա համայնքների կառավարման արդյունավետությունը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե համայնքներում մանկապարտեզներն օպտիմալացվեն, ծախսերի արդյունավետությունը կբարձրանա. Դավիթ Լոքյան
- Գյուղապետերը տարիներով արձակուրդ չգնալու պատճառով համայնքային բյուջեի համար խնդիրներ են ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին