Լենա Նազարյանը չի պատկերացրել, որ ԱԺ ընտրատեղամասը Հեռվաշեն գյուղի ընտրատեղամասին կարող է նմանվել. Միրզոյան
Միանշանակ է, որ Բարձրագույն դատական խորհրդի ընտրությունները կեղծելը նպատակ ուներ «Ելք» խմբակցության պատգամավորների միջև սեպ խրելու, միմյանց միջև կասկածներ և անհամաձայնություն առաջացնելու: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով, ԲԴԽ ընտրությունների կեղծումը քաղաքական թեժ օրակարգից առաջ նպատակ ուներ նաև «Ելք»-ի նկատմամբ անվստահություն սերմանել հասարակության շրջանում. «Բայց պետք է արձանագրել, որ իրենց այդ նպատակը չիրականացավ, և իրենց քաղաքական պատմության մեջ արձանագրվեց ևս մի խուժանություն: Ըստ երևույթին, մեր քվեաթերթիկները գողացել են: Ընտրակեղծիքը ո՞նց է լինում, էն հին ընտրակեղծիքները, որ կաշառքով չէին, քվեատուփեր էին գողանում: Մեր «դեմ» քվեարկած քվեատուփերի փոխարեն հայտնվել են «կողմ» քվեարկած քվեաթերթիկներ»:
Արարատ Միրզոյանի խոսքով, «Ելք»-ի պատգամավոր Լենա Նազարյանը տեսականորեն չէր կարող հետևել ձայների հաշվարկի գործընթացին. «Եթե համապետական ընտրությունների ժամանակ արկղը դրվում է սեղանին, և քվեաթերթիկները հատիկ-հատիկ դուրս են բերվում, այստեղ՝ փակ դռների հետևում, վերցնում են արկղը, բոլոր թղթերը շուռ են տալիս սեղանին: Հետո ամեն մեկը սկսում է իր դիմացից քջջել-քաշել ինչ-որ քվեաթերթիկներ: Լենա Նազարյանը չի կարող ասել՝ հետևում եմ բոլորիդ, դուք աշխատանքն արեք: Բոլորն էլ հավասար հանձնաժողովի անդամ են, և նաև անմեղության կանխավարկած կա: Լենա Նազարյանը իր բաժին գործն է անում և չի կարող և քվեաթերթիկներ հավաքել, սորտավորել, և հետևել, թե մնացած բոլոր անդամներն ինչ են անում: Ի վերջո, Լենա Նազարյանը երևի չի էլ պատկերացրել, որ ԱԺ ընտրատեղամասը մեթոդիկայի առումով Հեռվաշեն գյուղի ընտրատեղամասին կարող է նմանվել»:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն, այսպես թե թե այնպես, ընտրվելու էր. «Ռուսերեն մի լավ արտահայտություն կա՝ воду мутить, հայերենում առանց փափուկ նշանի են ասում՝ մուտիտ: Սա իսկապես ջուր պղտորելու նպատակ ուներ՝ մեր միջև, միմյանց նկատմամբ կասկածներ առաջացնելու և հասարակությա մեջ անվստահության սերմեր գցել «Ելք»-ի նկատմամբ: Երկուսն էլ չեն ստացվել»:
Արարատ Միրզոյանը նշեց, որ չի կարող խախտել անմեղության կանխավարկածը և պնդել, որ ընտրակեղծարարության մեջ ներգրավված են նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները. «Պետք է լինի հետաքննություն, որը կպարզի, թե ով է արել: Ես չունենալով փաստեր, չեմ կարող անձնավորված ասել»:
Հարակից հրապարակումներ`
- Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ քվեարկությունը ժուլիկության, մանիպուլյացիայի հետևանք է. Փաշինյան
- Ուրեմն «Ելք»-ը լուրջ ճգնաժամի առջև է կանգնած. Շարմազանով
- Ոչ ոք ոչինչ չի կեղծել. Գագիկ Մելիքյան
- Կարծում եմ` դեմ քվեաթերթիկները փոխարինվել են կողմ քվեաթերթիկներով. Լենա Նազարյան
- Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները երդվեցին
- ԱԺ-ում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը