Վրացիները փոխում են անունները՝ ԵՄ տարածքում հայտնվելու համար
Վրաստանի կառավարությունը որոշել է բարդացնել մարդկանց անունները փոխելու ընթացակարգը՝ նպատակ ունենալով պաշտպանել Եվրամիության հետ կնքված ազատ վիզային ռեժիմը:
ԵՄ տարածքից վտարված վրացիները Եվրամիության տարածքում հայտնվելու համար նոր հնարքի են դիմում՝ փոխում են անունները: Վրաստանի մի քաղաքացի միայն 2017թ.-ին 4 անգամ փոխել է անունը՝ նոր ինքնությամբ ԵՄ վերադառնալու հույսով:
Ինչպես գրում է agenda.ge կայքը, Վրաստանի արդարադատության նախարարության տվյալներով 2017թ.-ին ընդհանուր առմամբ 8339 քաղաքացի փոխել է ազգանունը:
Կառավարությունը նախատեսում է բարդացնել ազգանունների փոփոխության ընթացակարգը՝ Վրաստանի քաղաքացիների կողմից ԵՄ տարածք ապօրինի միգրացիան կանխելու ու ԵՄ հետ ազատ վիզային ռեժիմը պահպանելու համար:
Նշենք, որ ԵՄ-ն Վրաստանի իշխանություններին զգուշացրել է, որ ազատ վիզային ռեժիմի հաստատումից հետո մեծացել է ԵՄ տարածքում ապօրինի ներգաղթյալների ու ապաստան հայցողների թիվը ու նշել, որ այսպես շարունակվելու դեպքում Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը կվերացվի: