Ուրախալի լուր. Կովկասյան ազնվացեղ եղջերուները Հայաստանում են
Երկար տարիների սպասված ուրախալի լուր՝ Կովկասյան ազնվացեղ եղջերուները Հայաստանում են։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել ու լուսանկարներ է հրապարակել բնապահպան լրագրող, բնապահպանական Էկո-մեդիա ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը:
Դեռևս 2005 թվականից փորձում էին Հայաստան բերել մեր երկրում իսպառ ոչնչացված կենդանիներին։ Վերաբնակեցման ծրագիրը իրականացնում էր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF - Հայաստան) հայաստանյան մասնաճյուղը։ Հիմնադրամի տնօրեն Կարեն Մանվելյանը 2005 թվականից բանակցություններ էր վարում վրացական կողմի հետ, որպեսզի հայկական կողմը Խարագաուլիի ազգային պարկին, որը Բորժոմում է գտնվում, տա 15 բեզոարյան այծ, դրա դիմաց ակնկալելով ազնվացեղ եղջերուներ ստանալ վրացիներից։ Հայկական կողմն իր մասով կատարեց պայմանի դրույթները, իսկ վրացականը ոչ։ Հետագայում փորձ եղավ Ռուսաստանից վերցնել եղջերուներ։ Բանակցությունները ձգձգվեցին։ Հետո Իրանին դիմեցինք։ Մեկ ամիս առաջ, ի վերջո, Իրանը տրամադրեց Հայաստանին առաջին երեք եղջերուները։ Ըստ պայմանավորվածության պետք է բերվեր 4 եղջերու, սակայն իրանական տարածքում եղջերուներից մեկը փախել է։ Իրանական կողմը խոստացել է ամիսներ հետո այդ բացը լրացնել։ Հիմա Դիլիջան ազգային պարկի ժամանակավոր կեցավայրում երկու էգ ու մեկ արու եղջերու ունենք։ Եվ եղջերուներից մեկը սպասում է փոքրիկի կամ փոքրիկների։ Վերացող կենդանատեսակի վերաբնակեցման այս ծրագիրը Հայաստանի համար ամենակարևորներից է։ Այսօր լրացավ կարանտինային ժամանակահատվածը, որի շրջանում եղջերուները պետք է կազդուրվեն ու մի փոքր սովորեն նոր տեղին, և բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ուղևորվել է Դիլիջան՝ նրանց այցելելու։
«Աստված տա, որ Դիլիջանում եղջերուները հաստատվեն ու, որ երբևիցե այլևս երկոտանի որսկան գազանը նրանց չհոշոտի։ Նկարներում Իրանից Հայաստան բերելու պահն է ներկայացված և Դիլիջանի կենտրոնից արդեն իսկ տեղափոխված եղջերուները»,-նշում է Ն. Կիրակոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԲՆ. Կովկասյան ընձառյուծը վերադարձել է Խոսրովի արգելոց
- Իրանը Հայաստանին ազնվացեղ եղջերուներ կտա
- Վրաստանից ազնվացեղ եղջերուներ կբերվեն Հայաստան
- Հայաստանում շուտով կվերաբնակեցվի Կովկասյան ազնվացեղ եղջերուն
- «Դիլիջան»-ում կստեղծվեն եղջերուների համար բնական պայմաններում բազմացման ենթակառուցվածքներ