Ճապոնիա վերադառնալուց հետո շարունակելու եմ մնալ Հայաստանի մոտ ընկերը. Էյջի Տագուչի
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։ Մայիսի 14-ին Տագուչին հրաժեշտի հանդիպման էր եկել հայ-ճապոնական «Հիկարի» կրթամշակութային կենտրոն։
Կենտրոնի տնօրեն Կարինե Փիլիպոսյանը նշեց, որ դեսպանի պաշտոնավարման երեք տարիներն արագ անցան, և իրենք կցանկանային դեռ երկար տարիներ աշխատել նրա հետ։ Նա հիշեցրեց՝ «Հիկարի» հայ-ճապոնական կենտրոնը Հայաստանում առաջին ՀԿ-ներից մեկն էր, որ 2000-ականներից իրականացրել է կրթամշակութային գործունեություն։
«Առաջին խոշոր ծրագիրը 2005 թ. մեր երեխաների ձեռնարկած խաղաղության լապտերներ ծրագիրն էր, որը շատ ջերմ արձագանքների արժանացավ Ճապոնիայում և արդեն 14 տարի շարունակ իրականացվում է համատեղ ջանքերով, ծրագիր, որին մեծ խանդառավությամբ ու սպասումով մասնակցում են թե Հայաստանում, թե Հիրոսիմայում»,- ասաց կենտրոնի տնօրենը։
Նա հույս հայտնեց, որ անգամ դեսպանի՝ Ճապոնիա վերադառնալուց հետո կարոտը նրան կրկին Երևան կբերի, և հիշեցրեց, որ ի դեմս իրենց կենտրոնի՝ Տագուչին բարեկամներ ունի։
Էյջի Տագուչին շնորհակալություն հայտնեց իր մեկնելու առթիվ նման միջոցառում կազմակերպելու համար։ Նա ասաց, որ երեք տարի առաջ է ժամանել Հայաստան՝ հունիսի 1-ին։ «Երբ դեռ նոր էր ժամանել, չէր պատկերացնում, որ Հայաստանում այսքան մարդիկ կան, ովքեր հետաքրքրված են ճապոնական մշակույթով և մասնավորապես՝ ճապոներենի ուսուցմամբ, ինձ համար դա մեծ բացահայտում էր և ուրախություն»,- ասաց նա։
Տագուչին ասաց, որ այս երեք տարիների ընթացքում Ճապոնիայի դեսպանատունը Հայաստանում փորձում էր կազմակերպել հնարավորինս շատ մշակութային միջոցառումներ, և ոչ միայն՝ Երևանում, այլև Հայաստանի տարբեր քաղաքներում, քանի որ համոզված են՝ փոխգործակցության հիմքը հենց փոխըմբռնումն է մշակույթների և ժողովուրդների միջև։ Երկկողմ հարաբերությունները ավելի խորացնելու և զարգացնելու համար, ըստ դեսպանի, լեզվի ու մշակույթի փոխանակումը առաջնային կարևորություն ունեն։
Դեսպանը շնորհակալություն հայտնեց կենտրոնին և բոլոր նրանց, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ճապոնական մշակույթի ու ճապոներենի հանդեպ։ «Ուզում եմ նշել, որ Ճապոնիա վերադառնալուց հետո ես, միևնույն է, շարունակելու եմ մնալ Հայաստանի մոտ ընկեր»,- ասաց նա։
Դեսպանը նաև մրցանակներ հանձնեց «Հայկու» մրցույթի հայ մրցանակակիր երեխաներին։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ճապոնական միջպետական կապերը վերընթաց զարգացում են ապրում. Էդվարդ Նալբանդյան
- Բաբլոյանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդմանը
- Հայ-ճապոնական հարաբերությունները կայուն զարգացում են ապրում. Էդվարդ Նալբանդյան
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց