«Կա սուտ, կա լկտի սուտ, և կա վիճակագրություն, հույս ունեմ, ԱՎԾ-ն մեզ կհանի այդ տրամաբանությունից». Վարչապետ
Կառավարության որոշմամբ, Ստեփան Մնացականյանը վեց տարի ժամկետով նշանակվեց ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի ղեկավար։ Այս մասին գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ որ գնում են այն ուղղությամբ, որ ԱՎԾ-ի նախագահն ու անդամները վերանշանակվեն իրենց պաշտոններում, որպեսզի կարողանան ապահովել «այս նուրբ համակարգի գործունեության շարունակականությունը»։
«Ըստ էության՝ գործող օրենսդրությունն ու տրամաբանությունը հուշում են, որ վիճակագրությունը պետք է դուրս լինի քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից, և մեր կառավարությունը մտադիր է հենց այդ խնդիրը լուծել, և մենք շանս ենք տեսնում, որ ԱՎԾ-ն նույնը թողնելով՝ ստեղծել իրավիճակ, որ կոմիտեն բալանսավորված լինի, այսինքն՝ իսկապես ԱՎԾ-ի լիարժեք անկախություն ապահովվի, որովհետև սա օգտակար է նաև կառավարության համար»,- ասաց վարչապետը:
Նա նաև հույս հայտնեց, որ այս խնդիրը կլուծվի: «Սա է մեր գործունեության հիմնական նպատակը։ Եկեք ուղիղ նայենք փաստերին և արձանագրենք, որ հանրությունը միշտ չէ և շատ հաճախ կասկածի տակ է դնում վիճակագրության կոմիտեի ոչ թե թվաբանությունը, այլ բովանդակությունը: Շատ կարևոր է, որ ճշգրիտ ազդակներ ունենանք, և մեր մտքում վիճակագրության հետ կապված որևէ հարց չլինի»,- նշեց վարչապետը։
Ստեփան Մնացականյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ կփորձի արդարացնել վարչապետի հույսերը։ Նա միաժամանակ ասաց, որ ամբողջ աշխարհում հրապարակվող վիճակագրական ցուցանիշները մեկի համար լավ լուր է, մեկի համար՝ վատ, երրորդի համար՝ որևէ արժեք չներկայացնող:
«Եթե ազատական տնտեսակարգով երկրներում վիճակագրության հրապարակումից հետո քննադատություն չեղավ, նշանակում է՝ մենք արթնացել ենք կամ խորհրդային միությունում 1937 թ-ին, կամ ժամանակակից Հյուսիսային Կորեայում, քանի որ իրականությունն այն է, ինչին բոլորն են նայում և ոչ թե այն, ինչ յուրաքանչյուրն է տեսնում», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պարոն Մնացականյան, եթե այսքան անկեղծացել ենք, մի բան էլ ես ասեմ: Արևմտյան երկրներից մեկի վարչապետը այսպիսի արտահայտություն է արել՝ կա սուտ, կա լկտի սուտ, և կա վիճակագրություն: Ես հույս ունեմ, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն մեզ բոլորիս կհանի այդ տրամաբանությունից: Սա ընդամենը հումոր է, ես հուսով եմ, որ ձեզ որևէ բանով չնեղացրի, դա ես չեմ ասել, դա իրենց վիճակագրության մասին է եղել»:
Ստեփան Մնացականյանն էլ նշեց՝ երբ ձևավորվեց ՄԱԿ-ը, որոշվեց, որ պետք է ստեղծվի վիճակագրական հանձնաժողով, որ ամբողջ աշխարհում նույն մեթոդաբանությամբ գործեն: Դրա համար էլ, ըստ նրա, ընդունված է հետևյալ թեզը՝ վիճակագրագետների համար երջանկությունը հաստատված լինելն է:
Վարչապետն ի պատասխան նշեց. «Մենք ձեզ երջանկություն ենք մաղթում»:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը