ՀՀԿ-ն կանգնած է իր անցած ուղին իմաստավորելու, վերլուծելու և դասեր քաղելու գործընթացի առջև. Խոսրով Հարությունյան
Հայաստանում այսօր կատարվողը դեռ վաղ է անվանել հեղափոխություն: Մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:
«Հեղափոխությունն արժեքների և համակարգերի փոփոխումն է, երբ դա տեղի ունենա, մենք կասենք, որ այո, իսկապես տեղի է ունեցել հեղափոխություն, հակառակ պարագայում այն պարզապես իշխանափոխություն է»,- ասաց նա:
Անդրադառնալով ներքին քաղաքական, տնտեսական կյանքում հնարավոր զարգացումներին, արտաքին մարտահրավերներին՝ Հարությունյանը նշեց, որ դեռ ընդամենը մեկ փաստաթուղթ կա, որի հիման վրա կարելի է որոշ եզրակացություններ անել, դա Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթն էր ԱԺ-ում, վերլուծության այլ հենք դեռ չկա:
«Եթե փորձենք վերլուծել այդ ելույթով, պետք է ասենք մի պարզ ճշմարտություն. նա հռչակեց այն նույն առաջնահերթությունները, որոնք հռչակել էր Կարեն Կարապետյանը: Դրանք իրողություններ են, որոնց հետ պետք է հաշվի նստեն բոլորը, անկախ նրանից՝ ով է ղեկին»,- ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ Փաշինյանի հռչակած առաջնահերթություններն են բարձր տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը և տուրիզմը, ապա հիշեցրեց՝ Կարեն Կարապետյանի ծրագրում նույնն էր՝ գումարած ևս մի քանիսը: Բանախոսն ընդգծեց՝ որևէ բանական քաղաքացի, որ մտահոգ է վաղվա օրով, չի կարող այս առաջնահերթությունները մերժել: Թե ինչպիսին կլինի Կառավարության ծրագիրը, ըստ Հարությունյանի, կարելի է միայն գնահատական տալ, բայց այս պահի դրությամբ ՀՀԿ-ն հիմք չի տեսնում՝ խոչընդոտելու այն քաղաքականությանը, որը ինքը պետք է աներ:
«Կարևոր չէ՝ ով է անում, կարևոր է, թե ինչ է անում: Մենք եթե չաջակցենք, հաստատ չենք խոչընդոտի այն ծրագրերին, որ հանդիսանում են մեր առաջնահերթությունները»,- ասաց նա:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին անդրադառնալով՝ հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ ՀՀԿ-ն դրանց արդյունքում չհայտնվի խորհրդարանում, Հարությունյանը պատասխանեց, որ ոչ մի բան չի բացառում, բայց կարծում է՝ կան իրողություններ կամ գործոններ, որ իրենց ազդեցությունը կթողնեն:
«Նախ՝ փորձենք հասկանալ այդ ընտրությունների անհրաժեշտությունը: Որպես կանոն՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջանում է այն ժամանակ, երբ ձևավորվում է հիմնական խաղացող ուժերի այլ հարաբերակցություն, որը արտահայտված չէ ԱԺ-ում: Այսօր մենք այդպիսի իրավիճակ ունենք: «Ելք» խմբակցության քաղաքական ազդեցությունը անհամեմատ է այն ներկայացվածությանը, որ նա ունի այսօր»,- ասաց նա:
Հարությունյանը շեշտեց՝ ժամանակը էական նշանակություն ունի. այսօր մի ուժ կարող է ունենալ ամենաբարձր ռեյտինգը, երկու ամիս հետո դրանից կարող է բան չմնալ, հետևաբար անհապաղ, հապճեպ ընտրությունների անցկացումը սխալ է:
Խոսելով ՀՀԿ-ի՝ խորհրդարանում հայտնվելու հավանականության մասին, Հարությունյանը նշեց, որ ամեն ինչ կախված է ՀՀԿ-ից. «Կարծում եմ՝ ՀՀԿ-ն կանգնած է իր անցած ուղին իմաստավորելու, վերլուծելու, նաև դասեր քաղելու գործընթացի առջև, այդ պրոցեսը սկսվել է, և դա նորմալ է: Ես ՀՀԿ-ական չեմ, բայց նկատում եմ, որ ՀՀԿ-ում միասնականության ոգին շատ բարձր է: Բոլորն էլ գիտակցում են այն պատասխանատվությունը, որ կրել են և կրելու են»:
Հարությունյանն ասաց՝ մի կուսակցություն, որի կենսագրությունը կապված է անկախության հետ, չի կարող պատմության արխիվներում հայտնվել, նա դերակատարում ունի, հետևաբար՝ կարևոր է, թե որքանով կկարողանա վերլուծել, հայտ ներկայացնել որպես քաղաքական պրոցեսների պատասխանատու մասնակից:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը