Քաղաքական իրավիճակից ելնելով՝ կարող ենք ուսումնասիրել և համաներման հարց քննարկել. Մարուքյան
«Վաղաժամկետ պայմանական ազատման խնդիրն այսօր էլ առկա է։ Մենք երկար սպասել ենք նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունմանը, որ ՔԿՀ-ներում գերբեռնվածության հարցը լուծվի, բայց ես ինչ պատգամավոր եմ ընտրված, այդ օրենսգիրքը չի ընդունվել»,- այսօր խորհրդարանում ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորի խոսքով՝ հիմա երկու բան ունեն անելու՝ արագ աշխատել և ընդունել այդ օրենսգիրքը, որով կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվի և այլընտրանքներ կունենան:
«Եվ մյուսը՝ քաղաքական իրավիճակից ելնելով կարող ենք ուսումնասիրություն կատարել և համաներման հարց քննարկել, որովհետև ՔԿՀ-ներն այս պահին էլ գերծանրաբեռնված են: Մինչև դատարանները կսկսեն արդար աշխատել՝ նախկին իներցիայից դուրս, մենք գոնե կարող ենք համաներման հարց քննարկել, որից հետո դատական համակարգի ճիշտ աշխատանքը կբերի նրան, որ ՔԿՀ-ները ծանրաբեռնված չլինեն, նաև մարդու իրավունքների խախտումները կվերացվեն»,- նշեց Մարուքյանը: