Վստահ եղեք, որ մենք Եվրոպական միությունում կստանձնենք Հայաստանի ներկայացուցչի դերը. Դեմետրիս Սիլուրիս
«Ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրները տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ունեն ընդհանուր տեսակետներ: Կարևորում ենք Կիպրոսի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման գործում»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ այսօր Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի հաղորդմամբ՝ վարչապետը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Կիպրոսի դիրքորոշումը և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Կիպրոսի հետ քաղաքական, տնտեսական, անվտանգության ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացմամբ և կարևորել է Կիպրոսի հետ փոխգործակցությունը նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակում:
«Վստահ եղեք, որ մենք Եվրոպական միությունում կստանձնենք Հայաստանի ներկայացուցչի դերը և կփորձենք քայլեր իրականացնել համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ու վիզաների ազատականացման գործընթացի ուղղությամբ»,- ասել է Դեմետրիս Սիլուրիսը: Վերջինս հեռանկարային է համարել համագործակցության ընդլայնումը անվտանգության, տնտեսության, կրթության, մշակույթի ոլորտներում և ավելացրել, որ դրան կարող է էապես նպաստել Կիպրոսի հայ համայնքը: Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահն անհրաժեշտ է համարել գործարար կապերի սերտացման ու այս բնագավառում համագործակցության դաշտի ընդլայնմանն ուղղված քայլերի իրականացումը:
Վարչապետ Փաշինյանը և Դեմետրիս Սիլուրիսը կարևորել են Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև եռակողմ համագործակցության զարգացումը և հույս հայտնել, որ այս ուղղությամբ առաջիկայում կողմերը կշարունակեն ակտիվ աշխատել:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը և Դեմետրիս Սիլուրիսը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը
- Ելենա Դեմենտևա. «Շարապովան հաղթանակի լավ հնարավորություններ ունի»