Արցախի պետնախարարի պաշտոնում կնշանակվի Գրիգորի Մարտիրոսյանը
Արցախի պետական նախարարի պաշտոնում կնշանակվի Արցախի՝ ֆինանսների գործող նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Արցախից այս պահին պաշտոնական հերքում կամ հաստատում չեն անում:
Նշենք, որ Գ. Մարտիրոսյանը ֆինանսների նախարար է նշանակվել անցած տարի՝ 2017-ին: Մինչ այդ տարիներ շարունակ եղել է նախարարի տեղակալը:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ պետնախարար է նշանակվելու Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանը: Հրաժարակնի դիմում ներկայացրած Արայիկ Հարությունյանը քիչ առաջ ասուլիսում հերքեց այդ լուրերը, ասաց, որ այլ որոշում է լինելու:
Գրիգորի Մարտիրոսյանի կենսագրությունը
Ծնվել է 1978 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում:
1995 թվականին ավարտել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը:
1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատը:
2001 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրան:
2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրան:
2004 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունում` որպես առաջին կարգի տնտեսագետ:
2000-2005 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում` որպես առաջատար մասնագետ:
2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ:
2007 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ:
2008 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ:
2015 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ:
2017 թվականին նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարար:
2010 թվականից դասավանդում է Արցախի պետական համալսարանում:
Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով և ԼՂՀ վարչապետի հուշամեդալով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյան. Ինձ համար մեծ պատիվ կլինի, որ ինձ փոխարիներ Արշավիր Ղարամյանը
- Արցախում ԱԱԾ պետն ու նրա տեղակալը ազատման դիմումներ են ներկայացրել
- ԱՀ Պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել