Արցախում տիրող քաղաքական որոշակի լարվածությունը չի բխում Արցախի շահերից. Շարմազանով
«Մենք մտահոգված ենք արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և Նախիջևանում տիրող իրավիճակով»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն միշտ ասել է, որ Արցախի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, երեք հայտնի սկզբունքների հիման վրա, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի սկզբունք է. «Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման անհնար է Արցախի խնդրի խաղաղ կարգավորումը։ Մենք հույս ունենք, որ պնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ համանախագահները կշարունակեն իրենց ջանքերը ներդնել այդ երեք սկզբունքների հիման վրա»։
Էդուարդ Շարմազանովը նաև նշեց, որ Արցախում տիրող քաղաքական որոշակի լարվածությունը չի բխում Արցախի շահերից։ «ՀՀԿ-ն գտնում է, որ Արցախում անհրաժեշտ է միասնություն, ներքին կայունություն և դա ոչ միայն բխում է արցախցիների, այլ հայ ժողովրդի ընդհանուր շահերից։ Մեզ անհրաժեշտ է ուժեղ, միասնական և կայուն Արցախ»,- ասաց ՀՀԿ խոսնակը։
Անդրադառնալով Նախիջևանի սահմանին հակառակորդի զինտեխնիկայի կուտակումներին՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ դա ևս իրենց մտահոգում է։ Ըստ նրա՝ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, Ադրբեջանի կողմից հայ զինվորի սպանությունն ուղիղ մարտահրավեր է խաղաղ բանակցություններին։
«Սա ոչ այլ ինչ է, քան խաղաղ բանակցությունների տորպեդահարման հերթական փորձ։ Մտահոգիչ է Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հռետորաբանությունը, մտահոգիչ է, որ երբ Մինսկի խմբի համանախագահները գտնվում են Երևանում, ադրբեջանցիները իրենց թուրք եղբայրների հետ, հերթ չտալով անում են հայտարարություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային անվտանգության և կայունության շահերից»,- ընդգծեց Շարմազանովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին