Համազգային հարցերում չկա իշխանություն և ընդդիմություն. Շարմազանով
«Քանի դեռ չկա խաղաղության վերջնական պայմանագիր կողմերի միջև, քանի դեռ Ադրբեջանը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, նման ոչ ցանկալի սցենարներ առնվազն տեսականորեն հնարավոր են»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը Արցախի շփման գծում և Նախիջևանի սահմանին նման սադրանքների գնում և ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող է այն ունենալ։
Նրա խոսքով՝ այն, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահը չի բացառում ուժի միջոցով խնդրի լուծումը, դա արդեն ահազանգ է ոչ միայն Հայաստանի, այլ միջազգային հանրության համար։ Մինչդեռ, ըստ նրա, միջազգային որևէ հասցեական գնահատական դեռ չի լսվել։ «ՀՀԿ-ի համար Արցախի հիմնախնդիրը հարցերի հարցն է, և Արցախի պայքարը սրբության սրբոցն է»,- նշեց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ի առաջնորդները՝ Աշոտ Նավասարդյանից, Անդրանիկ Մարգարյանից, սպարապետ Վազգեն Սարգսյանից սկսած և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, բոլոր ժամանակներում եղել են Արցախի պայքարի կիզակետում ոչ թե խոսքերով, այլ գործերով:
«Մենք ինչպիսի կարգավիճակում էլ լինենք՝ իշխանություն, թե ընդդիմություն, սատարելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացմանը»,- ընդգծեց նա։
Շարմազանովը միաժամանակ նշեց, որ այսօր թե Ադրբեջանի, թե Թուրքիայի քայլերն մտահոգիչ են։ Ըստ նրա՝ հատկապես մտահոգիչ է Չավուշօղլու հայտարարությունը, որ ինքը և Թուրքիայի, և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն է, ինչը ոչ այլ ինչ է, քան պանթյուրքիզմի ցայտուն դրսևորում:
Թուրքիան, ըստ նրա, ուղղակիորեն փորձում է ներգրավվել այս գործընթացին, ինչը ունենալու է բացառապես բացասական նշանակություն։
«Նախկինում էլ Թուրքիայի ղեկավարները Ադրբեջանին սատարող հայտարարություններ են հնչեցրել, բայց նման բացահայտ գնահատական մինչ օրս չի եղել, ինչը ոչ միայն մտահոգիչ է, այլ նաև դատապարտելի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Թուրքիան անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում, և Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը ենթակա չէ որևէ փոփոխության:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է կայուն ու միասնական Արցախ: «Բոլորը պետք է համախմբվեն Արցախի նախագահի շուրջ, Արցախի այսօրվա իշխանությունների շուրջ: Մենք պետք է կարողանանք միասնական լինել, ես նաև որպես պատմաբան եմ ասում։ Հերիք է անուն դնենք մեր ղեկավարությանը: Ես ասել եմ՝ Փաշինյանն իմ երազանքների վարչապետը չէ, և գիտեք՝ ինչպես եմ վերաբերվում նրա քաղաքականությանն ու ինչպես եմ երեք անգամ քվեարկել նրա ծրագրերին, բայց եթե նա կանի քայլեր, որոնք միտված կլինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովմանը, Արցախի խնդրի հայանպաստ լուծմանը, բնականաբար, ես նրա կողքին եմ լինելու, ու բոլորս ենք լինելու։ Համազգային հարցերում չկա իշխանություն և ընդդիմություն, սա է ՀՀԿ-ի դիրքորոշումը»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն պետականամետ, կառուցողական ընդդիմություն է և ցանկացած առիթ չի օգտագործելու քննադատելու նոր իշխանություններին, իսկ Արցախի և ցեղասպանության հարցերն էլ ՀՀԿ-ի համար «էժան դիվիդենտներ» շահելու միջոց չեն լինելու։
Էդուարդ Շարմազանովը նշեց նաև, որ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը կարող է լինել լավ բանակցող, թե չի կարող, ժամանակը ցույց կտա. «Աստված տա, լինի լավ բանակցող, ես կլինեմ առաջին հպարտը, առաջին երջանիկը, որ իմ երկրի վարչապետը, անկախ իր անձից, այնպիսի բանակցություններ իրականացնի, որը կբխի Հայաստանի ու Արցախի ժողովրդի շահերից»։
Նրա խոսքով՝ իրենք երբեք անձերի հետ խնդիր չեն ունեցել, միշտ քննադատել են երևույթները և շարունակելու են քննադատել. «Այսօր, քանի դեռ Փաշինյան-Ալիև բանակցություն չի եղել, քանի դեռ որևէ լուրջ բանակցության նա չի մասնակցել, ես չեմ կարող հընթացս ասել, թե նա լավ կամ վատ բանակցող կլինի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին