Ինչո՞ւ է սեքսուալ բնույթի հանցագործության համար դատապարտվածն ազատվում զինծառայությունից
Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունելու հարցը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հիմնական զեկուցող Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է սեքսուալ բնույթի հանցագործության համար դատապարտվածն ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից:
«Ըստ ներկայացված տեղեկանքի՝ պարտադիր զինծառայության ենթակա չի լինելու այն քաղաքացին, որը ոչ միայն դատապարտվել է ծանր հանցագործության համար և ազատազրկման ձևով պատիժ է կրել 3 տարուց ոչ պակաս ժամկետով, այլև քրեական օրենսգրքի սեքսուալ բնույթի գործողություններ, անառակաբարո գործողություններ, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրացնելու, թմրամիջոցների գործածմանը հակելու կամ ներգրավելու արարքներ կատարելու դեպքում:
Կարելի՞ է այսպես հասկանալ, որ եթե մարդը դատապարտվել է այդ հոդվածներով, նա ազատվում է պարտադիր զինծառայությունից: Սրանով մենք ի՞նչ ենք խրախուսում. մարդը գնա սեռական հանցագործություն կատարի, դատապարտվի, և դրա հիման վրա շրջանցի իր սահմանադրական պարտականությո՞ւնը»,- հարցրեց պատգամավորը։
Փոխնախարարը պատասխանեց, որ այստեղ ոչ մի նորություն չկա իրավակիրառ առումով։
«Պաշտպանության նախարարի և գլխավոր դատախազի 2008 թվականի հրամանով այդպիսի մարդիկ չեն էլ զորակոչվել: Նման հրաման եղել է նաև 2002 թվականին: Վերջին երեք տարվա մեջ խոսքը ընդամենը 7-8 հոգու մասին է: Մյուս կողմից եթե նրանց զորակոչում ենք բանակ, շատ ավելի լուրջ խնդիրներ են ծագում: Մենք ուղղակի եղած հրամանը բերում ենք օրենքի դաշտ»:
Պատգամավորն արձագանքեց. «Ցավոք, կգտնվեն մարդիկ, ովքեր կգերադասեն այդ հացատեսակներով դատապարտվել, քան կատարել իրենց սահմանադրական պարտականությունները»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին