Վաշինգտոնում տեղադրվել է ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպանի կիսանդրին
Հայաստանի Առաջին Հանրապետության 100 -ամյակի տոնական միջոցառումների շրջանակում Վաշինգտոնում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի Առաջին Հանրապետության ազգային գործիչ, դիվանագետ, ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի հիշատակի հավերժացմանը: Հայ Հեղափոխական Դաշնակցույան և Հայ Դատի հանձնախմբի հետ համագործակցությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրվել է ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրին: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, միջոցառմանը ներկա է եղել ՀՀ նախագահը:
«Հունվարին մեր տարեկան քննարկումների ժամանակ ծնվեց Վաշինգտոնում Հայաստանը ներկայացնող առաջին դիվանագետի կիսանդրին տեղադրելու գաղափարը»,- ասել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Միջոցառմանը ներկա ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանն ընդգծել է Արմեն Գարոյի ունեցած վաստակն ու դերը Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության մեջ: «Արմեն Գարոն մեր ազգի լավագույն ներկայացուցիչներից է, ազգային ազատագրական գործիչ է և դիվանագետ»,- նշել է Տեր-Խաչատրյանը:
Պատմաբան Հայկ Դեմոյանը խոսել է 1918 թվականի Հայաստանի Առաջին Հանրապետության օրերին ԱՄՆ-ում հայկական առաջին դիվանագիտական առաքելության հիմնադրման պատմությանը՝ նշելով, որ դիվանագիտական առաքելությունը հիմնվեց ամերիկահայ համայնքի կողմից հավաքագրված 50 հազար դոլարի շնորհիվ:
Միջոցառմանը ներկա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում ընդգծել է Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական դերն ու նշանակությունը՝ շեշտելով, որ այն վերածնվում է յուրաքանչյուր կարևոր ձեռքբերման ժամանակ:
«Մենք տոնում ենք Առաջին Հանրապետության հիմնադրման հաղթանակը: Առաջին Հանրապետությունը երբեք չի դադարել: Միգուցե այն կոչվել է այլ անունով: Օրինակ 70 տարի այն կոչել ենք Հայաստանի Խորհրդային Հանրապետություն, սակայն շատերս մեր սրտերում հավատացել ենք, որ իրական հանրապետությունը անկախ և ժողովրդավար Հայաստանն է: Եվ 1991 –ին այն, ինչը մեր սրտերում էր դարձավ իրականություն, և Առաջին հանրապետությունը վերածնվեց»,- ասել է ՀՀ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմփեոյի հետ
- Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի բացմանը
- Հայաստանին նվիրված փառատոն՝ Վաշինգտոնում