Առանց Արցախի որոշիչ ձայնի կարգավորումը բնական, կայուն և տևական չի լինելու. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանը եղել և մնում է բանակցող կողմ, մնում է հավատարիմ խիստ բանակցային գործընթացի միջոցով խաղաղ կարգավորման ապահովմանը: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հարցին, թե հունիսի 29-ին Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը հայտարարել է, որ հակամարտության հիմնական կողմը Լեռնային Ղարաբաղն է և պետք է վճռորոշ ձայն ունենա կարգավորման երկարաժամկետ ու մշտական գործընթացում, արդյոք Արցախը հիմնակա՞ն կողմն է, կա՞ն նաև ոչ հիմնական կողմեր, նախարարը պատասխանել է, որ ասվածում ոչ մի նոր բան չկա, դա արտահայտված է կառավարության ծրագրում, և և դա եղել է մեր ընկալումն այս ամբողջ շրջանում։
Նախարարի խոսքով՝ Ղարաբաղի խնդրի շուրջ են բանակցությունները և հիմնական սուբյեկտն այստեղ Ղարաբաղն է։
«Հարցը եղել է Ղարաբաղի մասին, հարցը եղել է Ղարաբաղի բնակչության մասին, Ղարաբաղի ժողովրդի մասին։ Մեզ համար հարցը եղել և մնում է նույնը.150 000 մարդկանց, որոնք ունեն իրենց անունները, իրենց ընտանիքները, իրենց տները, իրենց ֆիզիկական անվտանգության ապահովման երաշխավորման մասին է։ Սա է եղել միշտ հարցը։ Հիմնական կո՞ղմ է՝ իհարկե, հիմնական կողմ է, որովհետև իրենց կյանքի մասին է խոսքը, իրենց անվտանգության մասին է խոսքը, ֆիզիկական անվտանգության մասին է, իրենք են եղել զինադադարը ստորագրող կողմ 1994 թվականին: Սա իրողություն է, որը միշտ եղել է»:
Հարցին՝ կարելի՞ է ասել, որ Հայաստանը հակամարտության ոչ հիմնական կողմ է, Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը եղել է բանակցող կողմ և մնում է բանակցող կողմ, մնում է հավատարիմ խիստ բանակցային գործընթացի միջոցով խաղաղ կարգավորման ապահովմանը. «Սա էլ է սկզբունք, որը հստակորեն դրված է նաև Կառավարության ծրագրի մեջ, և Հայաստանն իր այդ գործառույթը հստակորեն կատարել է, շարունակում է կատարել և մնում է հավատարիմ այդ գործառույթը կատարելու հարցում»:
Դիտարկմանը՝ թե հակամարտությունը տեղի է ունենում Արցախի և Ադրբեջանի միջև, հետևաբար, ի վերջո, պետք է պայմանավորվեն Արցախի և Ադրբեջանի ղեկավարները, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Ի վերջո, առանց Արցախի որոշիչ ձայնի Հայաստանն ինչ էլ պայմանավորվի կարգավորումը բնական չի լինելու, կարգավորումը կայուն և տևական չի լինելու։ Ղարաբաղի ձայնը չափազանց էական է, և այդ սկզբունքը եղել և մնում է օրակարգում»:
Հարցին, թե 20 տարուց ավելի մեր դիվանագիտությունը մոտավորապես նույնն է ասում, ինչու՞, այնուամենայնիվ, Ղարաբաղի ձայնը լսելի չէ և որոշիչ չէ, ԱԳ նախարարն նշել է, որ ինքն այդպես չէր ասի, թե Ղարաբաղի ձայնը լսելի և որոշիչ չէ։ Նրա խոսքով՝ Ղարաբաղը և համանախագահողների կողմից, և մեր կողմից հստակորեն ներգրավված է և տեղյակ է գործընթացի էության, բովանդակության և ուղիների, ճանապարհների մասին, որոնք բանակցային սեղանի վրա են։
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ հայկական կողմի համար երկու կարևորագույն հարց կա բանակցային գործընթացի մեջ՝ ստատուս և անվտանգություն, այդ հարցի շուրջ է, որ փորձում են գտնել այն, ինչը կոչվում է փոխզիջում։
«Բնականաբար, եթե մենք խաղաղ կարգավորման ենք գնում, խաղաղ կարգավորման հիմքում դրված է փոխզիջումը։ Չի կարող մեկ կողմը ստանալ ամեն ինչ, մյուս կողմը չստանալ ոչինչ, կամ ավելի շատ, կամ ավելի քիչ, այնպես որ բանակցության իմաստը դա է, որ կողմերը դուրս գան բանակցություններից բավարարված՝ կարողանալով համոզված լինել, որ փոխզիջումը լավագույնս է արտահայտում մի կողմի կամ մյուս կողմի նպատակները։ Մեր դեպքում ստատուսի և անվտանգության հարցերն ամենաէական հարցերն են, որոնք դրված են բանակցային սեղանին»:
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է