Իսլամական քարոզչին ձերբակալել են սեռական բռնության համար
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է իսլամական հեռուստաքարոզիչ Ադնան Օքթարին և նրա ավելի քան 160 հետևորդներին հանցավոր խմբավորում ստեղծելու կասկածանքով։ Լենտա.ռու-ն, հղում անելով Ռոյթերսին, գրում է, որ հանցախմբի պոտենցիալ անդամներին նաև մեղադրել են խարդախության և սեռական բռնության մեջ։ Մի մասը ձերբակալվել է Օքթարի՝ Ստամբուլի տան խուզարկության ժամանակ, նրա թիկնապահները փորձել են դիմադրություն ցույց տալ ոստիկանությանը և փախուստի դիմել։ Օքթարի կողմնակիցների որոնման համար ուղղաթիռ և ոստիկանության ծովային ստորաբաժանումներ են օգտագործվել։
Օքթարը հեղինակային հաղորդաշար է վարում իրեն պատկանող A9 հեռուստաալիքում։ Եթերում պարել են աղջիկներ, որոնց քարոզիչը կոչել է «փիսիկներ», նա նաև երգել է երիտասարդ տղամարդկանց հետ, որոնց անվանել է «առյուծներ» ։ Փետրվարի հաղորդումը դադարեցվել է գենդերային հավասարության և կանանց իրավունքների խախտման համար։
2014 թվականին Օքթարի նախկին աշակերտուհին, որը Ադրբեջանից է, մեղադրել է նրան որջ կազմակերպելու մեջ, որտեղ Օքթարը խմբակային ինտիմ կապի մեջ է մտել աղջիկների հետ՝ օգտագործելով թմրանյութեր և կիրառելով հիպնոս։ Օքթարը սկսել է քարոզել 1970-ական թվականների վերջից։ 80-ականներին հայտնի է դարձել Դարվինի տեսության հերքմամբ և դպրոցներում էվոլյուցիայի, մարդու կապկից առաջանալու տեսության դասավանդումը դադարեցնելու կոչերով։
Օքթարը, ով նաև հայտնի է որպես գրող Հարուն Յահյա, հրատարակել է 300 գիրք, որոնք թարգմանվել են 76 լեզվով։