Այնպես չէ, որ կառավարությունը դիրքորոշում ունի և փորձում է պարտադրել այն. ՀՀ փոխվարչապետ
Այսօր Ընտրական օրենսգրքի շուրջ ԱԺ քննարկումներին ներկա էր նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Նա տեղեկացրեց, որ այսուհետ մասնակցելու է ԱԺ քննարկումներին, իսկ մինչ այժմ չի մասնակցել, քանի որ քննարկումները համընկել են կառավարության նիստերի հետ:
Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ կառավարությունը կողմ է ԱԺ-ում մեկ կոնսենսուսային փաստաթուղթ քննարկելուն ու քվեարկության դնելուն:
«Այնպես չէ, որ կառավարությունն ունի դիրքորոշում և փորձում է պարտադրել մյուս քաղաքական ուժերին: Պետք է միասին լավագույն լուծումը գտնենք, որից կշահեն բոլորը»,- նշեց գործադիրի ներկայացուցիչը։
Քննարկմանը ներկա, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջարկեց զտել մինչ այժմ քննարկված հարցերը:
«Առաջարկում եմ` մինչև հիմա քննարկված հարցերը զտել, այսինքն` որ խմբակցության առաջարկն ընդունելի է մեկ կամ երկու խմբակցությունների կողմից, շարունակենք դրա շուրջ քննարկումները, որ հարցը չունի աջակցություն, այլևս չքննարկվի»,- ասաց նա:
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն իր հերթին նկատեց, որ փոխվարչապետը ներկայացրել է ամենակարևոր ուղերձները:
«Այն, որ իրենք համատեղ աշխատանքի կողմնակից են, կողմնակից են, որպեսզի լինի մեկ նախագիծ, արդեն լավ է: Իհարկե, որևէ մեկը չի կարող բացառել, որ չի հաջողվի հասնել կոնսենսուսի, բայց բոլորս լիահույս ենք, և մեր աշխատանքն էլ մինչ այս պահը հուշում է` կկարողանանք հասնել կոնսենսուսի»,- շեշտեց Հարությունյանը:
Նրա համոզմամբ, կարևորը` համաձայնություն կա, և կառավարության հանձնաժողովը կմասնակցի խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին:
Միրզոյանն ի պատասխան նկատեց. «Դուք իմ մտքերն ավելի լավ ձևակերպեցիք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան