Սխալ է այն ճանապարհը, որով համազգային վերելքը կուսակցականացվում է. «Ժառանգության» առաջնորդ
«Ես չեմ համարում, որ Հանրապետական կուսակցությունը ընդդիմադիր կուսակցություն է, այն ուղղակի իշխանությունից դե ֆակտո հեռացված կուսակցություն է։ Ամեն մեկը կարող է ինքնագնահատական տալ, թե ինքն ով է։ Շատ լավ է, որ տեղերը փոխվում են և ամեն մեկը կարող է պարկեշտանալ ու ուժեղանալ այս արտասովոր փորձի միջոցով»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Անդրադառնալով վերջին հանրահավաքում ՀՀ վարչապետի ելույթին՝ քաղաքական գործիչն այն որակեց շատ ամբողջական և ուշագրավ։
«Փոխանակ վարչապետի հեռահար տեսապատկերը ներկայացնելու, Նիկոլ Փաշինյանն ավելի շատ պատասխանում էր քաղաքական հոսանքների քննադատությանը և ռեպլիկներին։ Չեմ կարծում, որ ազատ խոսքի որևէ սահմանափակում կա ներկա դրությամբ։ Եթե դա լինի, մենք առաջինը կդատապարտենք խոսքի սահմանափակումները։ Հիմա բոլորը ներկայացնում են իրենց տեսակետները։ Սակայն ուշագրավ է, որ նրանք, ովքեր տարիներ շարունակ սահմանափակել են քաղաքացու, լրագրողի տեղեկանալու իրավունքը, ովքեր գողացել են ընտրություններ և կատարել այլ հանցագործություններ, բողոքում են»,- ասաց Հովհաննիսյանը։
Իսկ ինչպես է գնահատում վարչապետի աշխատանքի 100 օրը, հետաքրքրվեցին լրագրողները։ Ի պատասխան՝ «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց՝ դրական և օրինաչափ։
«Մենք զորակցում ենք կառավարությանը և հույս ունենք, որ արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ տեղի կունենան՝ ամբողջացնելու հեղափոխության հաղթանակը։ Առաջին 100 օրերը եղել են զգացմունքային, մի փոքր հաճո քաղաքացու համար՝ որոշակի ցուցադրականությամբ։ Ժամանակն է ավելի հանդարտ, սառնասիրտ և հետևողական քայլերով կառավարությունը շարունակի իր ուղեգիծը կոռուպցիայի դեմ և հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։ Հույս ունեմ, որ սրան զուգահեռ՝ կտեսնենք առավել հստակ ներքին և արտաքին քաղաքական ուժագծեր»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, Հովհաննիսյանը շեշտեց՝ իրենք պատրաստ են եղել քննարկել միասնական ցուցակի հարցը, հրապարակային առաջարկ են հնչեցրել։
«Մենք համարում ենք սխալ այն ճանապարհը, որի միջոցով հեղափոխությունը, համազգային վերելքը կուսակցականացվում է ցուցակի տեսքով։ «Ժառանգության» դեպքում կլինի վերկուսակցական մոտեցում։ Ներկա դրությամբ ցուցակի առաջին հորիզոնականների հարցով քննարկում ենք Արմեն Մարտիրոսյանի, իմ և վարչությունից դուրս գտնվող երրորդ անձի թեկնածությունները»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան