Իմ ասածը չի նշանակում, որ մեկ հանրահավաքում կարելի է որոշել Արցախի ճակատագիրը. Նիկոլ Փաշինյան
ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն այսօր խորհրդարանում հարցուպատատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ նա իսկապես մտածում է, որ Արցախի հարցը կարելի է լուծել հանրահավաքում հարցադրումո՞վ, մարդկանց «այո» կամ «ոչ» արձագանքո՞վ։ Պատգամավորը նկատեց, որ դա իր՝ որպես միամիտ լոռեցու, ինչպես նաև շատ քաղաքացիների միամիտ մոտեցումն է։
Վարչապետն իր հերթին պատասխանեց, որ հանրահավաքում ինքն ուրիշ բանի մասին ևս խոսել է, այն է՝ հանրաքվեների ինստիտուտն ուժեղացնելու անհրաժեշտության մասին։
«Ինչպես բանակցային ֆորմատի տրամաբանությունն է, Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդի կամարտահայտմամբ, կարծում եմ հասկանալի է, որ նման հարցերը պետք է լուծվեն համաժողովրդական քվեարկության միջոցով։ Եթե ես և կառավարությունը մտածենք, որ որևէ տարբերակ կա, որը արժե բերել-ներկայացնել ժողովրդին, ներկայացնելու տարբերակը հանրաքվեն է, իսկ հանրահավաքները համաժողովրդական հանրաքվեի նախապատրաստության շրջանն են։
Կարծում եմ՝ հասկանալի է, որ այդ կարգի հարցերը պետք է ժողովրդի կամարտահայտությամբ լուծվեն։ Ես նկատի ունեմ, որ այո, նաև հանրահավաքում կարելի է ներկայացնել, բայց դա չի նշանակում, որ մեկ հանրահավաքում կարելի է որոշել Արցախի ճակատագիրը։ Կարելի է հանրաքվե անել, և հանրահավաքներով իրականացնել քարոզարշավ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կեսկատակ նկատելով, որ պատգամավորն իր մոտեցումը համարի միամիտ իջևանցու բացթողում։
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է