Մնացականյան. Մարդու իրավունքների պաշտպանության շուրջ համագործակցությունը պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության
Ժողովուրդի օժտած մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ուղղված են մեր երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը, օրենքի առջև հավասարության, անկողմնակալ և արդյունավետ արդարադատության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետիի հետ հանդիպման ժամանակ։
Միշել Բաչելետը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացները գտնվել են Գրասենյակի ուշադրության կենտրոնում և գոհունակություն է հայտնել դրանց խաղաղ բնույթի կապակցությամբ: Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:
ԱԳՆ լրատվության ու հանրային դիվանագիտության վարչության հաղորդմամբ, կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջև առկա սերտ համագործակցությունը՝ ընդգծելով այն առավել ընդլայնելու երկկողմ պատրաստակամությունը: Երկուստեք կարևորվել է Հայաստանի կողմից Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում միջանկյալ կամավոր երկրորդ զեկույցի ներկայացումը:
Ըստ աղբյուրի, զրուցակիցներն անդրադարձել են ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին՝ բարձր գնահատելով այդ գործընթացում Հայաստանի ունեցած զգալի ներդրումը:
Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանության հարցերին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ ավարտին են հասցվել ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի հիման վրա ազգային զեկույցի մշակման աշխատանքները:
Նախարար Մնացականյանը գերագույն հանձնակատար Բաչելետին ներկայացրել է դեկտեմբերի 9-ին Երևանում կազմակերպվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումի նախապատրաստական աշխատանքները՝ նշելով, որ Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու այս ֆորումը ցեղասպանության կանխարգելման ևս մեկ հարթակի վերածելու ուղղությամբ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ նախարար Մնացականյանը վերահաստատել է բացառապես խաղաղ կարգավորման Հայաստանի հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Նա շեշտել է, որ Արցախը միացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերին, վավերացրել և իրականացնում է դրանք: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության, հատկապես նրանց համար, ովքեր հետևողականորեն ապացուցել են դրանց իրենց հավատարմությունը:
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին
- «Մարդու իրավունքների պաշտպանությունը չպետք է կապված լինի կոնֆլիկտի գոտի լինելու հետ»
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան