Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատողները կազատազրկվեն երկու տարի ժամկետով
Գործադիրի նիստում հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը:
Օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը, մասնավորապես՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանքը փոխարինել ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ առաջարկվող կարգավորումը պայմանավորված է տվյալ հոդվածով նախատեսված հանցագործությունների աճի դինամիկայով, ինչպես նաև այն հանգամանքով, որ պատժի խստացումը կզսպի և զերծ կպահի ապօրինի գործողությունների իրականացումից: Ընդունելի համարելով նախագծով նախատեսվող ընդհանուր կարգավորումները՝ կառավարությունը ներկայացրել է որոշ նկատառումներ նախագծի վերաբերյալ: Կառավարության առաջարկության համաձայն՝ նախագծով նախատեսված կարգավորման արդյունքում, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը խստացնելիս՝ կալանքն ազատազրկմամբ փոխարինելիս, խախտվում է տվյալ հոդվածի բոլոր մասերի դիսպոզիցիաներում նախատեսված արարքների համար սահմանված պատժատեսակների աստիճանական դասավորվածությունը, հետևաբար, առաջարկվում է ոչ թե կալանքը փոխարինել ազատազրկմամբ, այլ հիշյալ հոդվածի 1-ին մասի սանկցիայում նախատեսել նաև ազատազրկման ձևով պատիժ: Նշված է նաև, որ ներկայում ՀՀ վարչապետի աշխատակազմում քննարկվում է բնապահպանության նախարարության մշակմամբ համանման օրենքի նախագիծ, որը քննարկվող խնդիրներին առավել համապարփակ լուծումներ է առաջարկում:
Այդ կապակցությամբ նախագծի հեղինակին առաջարկվում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից, համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ մեկ միասնական նախագծով հանդես գալու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց