Ոստիկանությունը ստուգել է Լայմա Վայկուլեի գործունեությունը
ՌԴ ՆԳՆ միգրացիայի հարցերի գլխավոր վարչությունը հաղորդել է երգչուհի Լայմա Վայկուլեի համերգային գործունեության ստուգման արդյունքները: Որևէ խախտում չի հայտնաբերվել: Ստուգումը կատարվել էր, երբ երգչուհին հրաժարվել էր ելույթ ունենալ Ղրիմում:
«Շատ ուրախ եմ, որ Վայկուլեի բարեխղճությունը և հավատարմությունը իրավական արժեքներին անփոփոխ են, անկախ նրանից, թե որ երկրում է գտնվում»,- Լենտա.ռու-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՆԳՆ Մոսկվայի վարչությանն առընթեր հասարակական խորհրդի անդամ Ալեքսանդր Խամինսկին, որի հարցման հիման վրա էլ անցկացվել էր ստուգումը:
Օգոստոսի կեսերին Օդեսայում հյուրախաղերի ժամանակ Վայկուլեն հայտարարել էր, որ չի գնա Ղրիմ, ինչքան հոնորար էլ որ առաջարկեն, քանի որ իրեն՝ որպես Եվրոպայի քաղաքացու, դա արգելված է: Երգչուհու խոսքերը բուռն արձագանք էին առաջացրել սոցցանցերում, նրա նկատմամբ կոշտ քննադատություն էր սկսվել: Այդ հայտարարությունից հետո Խամինսկին հայտարարել էր, որ իշխանությունները ձեռնամուխ կլինեն ստուգելու Վայկուլեի համերգային գործունեության իրավաչափությունը: